Ֆուչիկի փողոցը կանվանափոխվի
SOCIETYԵրևանի ավագանու վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է Ֆուչիկի փողոցն անվանափոխելու մասին նախագիծ։ Նախատեսված է Ֆուչիկի փողոցը վերանվանել հայ մեծանուն կոմպոզիտոր, Հայաստանի ժողովրդական արտիստ, Երևանի և Գյումրու պատվավոր քաղաքացի Վլադիլեն Բալյանի անունով։
Նախագծի հեղինակները նշում են, որ նախաձեռնության նպատակն է հավերժացնել կոմպոզիտորի հիշատակը և արժևորել նրա նշանակալի ավանդը հայ ազգային երաժշտարվեստի ու Հայաստանի մշակութային կյանքի զարգացման գործում։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ փողոցն այժմ կրում է չեխ գրող, լրագրող և գրական քննադատ Յուլիոս Ֆուչիկի անունը, որը 1921 թվականից եղել է Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության անդամ։ Խորհրդային տարիներին նրա անունը տրվել է տարբեր քաղաքների փողոցների և հանրային տարածքների։
Սակայն Ֆուչիկի անունը կրող փողոցները հետագայում վերանվանվել են նաև Չեխիայում և Սլովակիայում։ Բացի այդ, նախագծի հեղինակները շեշտում են, որ Յուլիոս Ֆուչիկի կենսագրության մեջ Երևանի, Հայաստանի կամ հայ ժողովրդի հետ անմիջական պատմական կապ չի արձանագրվում։ Մինչդեռ, Վլադիլեն Բալյանի անվամբ փողոցի անվանափոխությունը կլինի հայ ազգային մշակույթի նկատմամբ հարգանքի դրսևորում, ինչպես նաև մայրաքաղաքի հետ անմիջականորեն կապված ականավոր գործչի վաստակի հավերժացման քայլ։



