Վրաստանը հրաժարվել է մասնակցել ԵՄ նախարարական հանդիպմանը, քանի որ հրավիրվել է միայն երկրի դեսպանը
INTERNATIONAL NEWSՎրաստանի իշխանությունները հրաժարվել են մասնակցել նոյեմբերի 16-ին Բրյուսելում նախատեսված Եվրամիության ընդլայնման և կապակցվածության հարցերով նախարարական հանդիպումներին։ Այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության պարզաբանմամբ՝ Վրաստանը համապատասխան մակարդակով հրավեր չի ստացել, քանի որ հանդիպմանը մասնակցելու համար հրավիրվել է Եվրամիությունում երկրի դեսպանը։ Այդ պատճառով Թբիլիսին որոշել է իր ներկայացուցչին չուղարկել հանդիպումներին։
Վրաստանի ԱԳՆ-ն միաժամանակ ընդգծել է, որ երկիրը շարունակում է հավատարիմ մնալ Եվրամիության հետ կառուցողական համագործակցությանը և պատրաստ է մասնակցել հետագա հանդիպումներին՝ համապատասխան մակարդակով հրավեր ստանալու դեպքում։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն քննադատել է Բրյուսելի որոշումը՝ հայտարարելով, որ նման մոտեցումը չի համապատասխանում Եվրոպայի շահերին։ Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանային զարգացումների պայմաններում Վրաստանը շարունակում է կարևոր դեր ունենալ Եվրոպան Արևելքի հետ կապող տրանսպորտային ուղիներում։



