Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
Աշխատանքի ու բարեկեցության նախարարը մի օր հայտարարեց, թե «թաղման նպաստը» հանելու են, կենսաթոշակն էլ 1000 դրամով բարձրացնեն: Արսեն Թորոսյանը դա ասում էր այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ կառավարությունը որոշել է Փաշինյանի, նախարարների ու մյուս բարձրաստիճանավորների աշխատավարձերը կտրուկ՝ գրեթե կրկնակի բարձրացնել: Չնկարագրենք հանրության մեծամասնության արձագանքը, որի զգալի մասը մեջբերելի չէ...
Դրանից հետո նույն Արսեն Թորոսյանը հայտնում է, թե հանրային արձագանքներից և խորհրդարանական գործընկերների հետ քննարկումներից հետո որոշվել է թաղման նպաստի շահառուների շրջանակը վերանայելու նախաձեռնությունն առաջ չտանել։ Կարճ ասած՝ նպաստը կշարունակի տրամադրվել գործող կարգով, իսկ հանրային քննարկման ներկայացված նախագիծն Ազգային ժողով չի ուղարկվի: Որպես նման «հետողորմյայի» պատճառներից մեկը նշվում է «հանրային արձագանքը»:
Այստեղ արդեն ասպարեզ է մտնում փաշինյանական կառավարության մեկ այլ ներկայացուցիչ՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Ու նրա խոսքերից պարզվում է, որ, ռուսական մի ասացվածքի նմանությամբ, «ֆինանսները ռոմանսներ են երգում»: Կարճ ասած՝ փող չկա: Նախարարը բառացի ասում է. «Հայտարարել էինք, որ թաղման նպաստի փողն ուղղելու ենք թոշակների բարձրացմանը։ Բայց, քանի որ մտահոգություններ հնչեցին, և աշխատանքի և բարեկեցության նախարարությունը որոշեց, որ այդ որոշումը հիմա պետք չէ ընդունել, հետևաբար այդ միջոցները չեն ուղղվի այդ ուղղությամբ, ինչը տրամաբանական եմ գտնում», - ճեպազրույցում հայտարարել էր Վահե Հովհաննիսյանը:
Ի դեպ, ֆինանսների նախարարի մոտեցումը շատ փաշինյանական է: Առանց սարկազմի: Նույն տեխնիկան է. թոշակ չբարձրացնելու հարցը ամեն կերպ գցում է հասարակության գրպանը, թե՝ այ, որ աղմկեցիք թաղման նպաստի պահով, թոշակ էլ չենք բարձրացնի, որովհետև հավել յալ ուրիշ փողի աղբյուր չունենք, կարճ՝ ՓՈՂ ՉԿԱ:
Բայց մի րոպե...
Նախ՝ ի՞նչ է նշանակում՝ «փող չկա»: Բա Փաշինյանը մեծ-մեծ հայտարարում էր, թե՝ «փողի խնդիր չունենք...»: Ի՞նչ եղան այդ փողերը: Ո՞ր ցուցադրական համերգի կամ հրավառության տակ մնացին:
Իշխանական քարոզչությունն օրը 24 ժամ հենց միայն այն է ասում, թե Հայաստանի տնտեսությունը մի այլ կարգի աճում է: Ավելին, էկոնոմիկայի նախարարն անձամբ է հավաստիացնում, որ եթե ալամ-աշխարհի տնտեսությունը հազիվ 3 տոկոսով է աճել, ապա Հայաստանինը (բռնվեք) աճել է 7 տոկոսով...
Լավ, բա որ տնտեսությունը կատաղած աճում է, ապա կենսաթոշակը ընդամենը 1000 դրամով բարձրացնելու փող ինչո՞ւ չունեք:
Այսինքն, չէ, լավ էլ ունեն, նայած՝ ինչի համար: Իրենց աստղաբաշխական աշխատավարձերը գալակտիկաբաշխական դարձնելու համար (տարբեր հաշվարկներով՝ լրացուցիչ կպահանջվի մոտ 80 միլիոն դոլար) փող ոնց որ թե ունեն, իսկ, այ, կենսաթոշակների համար այնքան փող չկա, որ պատրաստվում էին «թաղման նպաստը» կտրել: «Թաղման նպաստ» ասվածն էլ, հիշեցնենք, ընդամենը միանվագ տրվող սոցիալական ֆիքսված վճար է (200 հազար դրամ), որ տրամադրվում է կենսաթոշակառու հանգուցյալի խնամակալ-հարազատին: Ու՝ վերջ:
Հաջորդը. տեսեք, զանազան օտարերկրյա նախկին «գերաստղերի» Երևան բերելու համար Փաշինյանի կառավարությունը փող ուներ և ունի: Փաշինյանի գովերգությանը (փիարի) ծառայող հեծանվավազքերի, ֆեստիվառների ու նման բաների համար փող ուներ և ունի: Այլևայլ համերգ-մամերգների, հրավառությունների համար փող ուներ և ունի: Իսկ, այ, կենսաթոշակները ընդամենը 1000 դրամով (որ ոչինչ չի տալիս, էլի, դա էլ ընդգծենք) բարձրացնելու համար փող չունի:
Նայում ես Փաշինյանի կառավարության այդ տատանումներին, նայում ես «թաղման նպաստի» ու կենսաթոշակի միջակայքում շշկռված տնտեսական «աճի» փիարին ու տպավորություն ես ստանում, որ այսքանից հետո միայն մնում է, որ նրանք՝ այդ նախարարները, հենց ուղիղ տեքստով, առանց այլևայլությունների հայտարարեն. «Այ, ժողովուրդ, լավ, դուք չեք հասկանո՞ւմ, որ ձեր հոգսերի ու խնդիրների վրա թքած ունենք...»:
Թեպետ, հիմա էլ են ասում, ուղղակի ոչ շատ բացահայտ...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



