Ծննդաբերության արձակուրդի նոր կարգ. կրճատում է նախատեսվում
SOCIETYԱշխատանքի և բարեկեցության նախարարության նախագծով նախատեսվում է, որ հղիության 154-րդ օրվանից մինչև 209-րդ օրը՝ ներառյալ, ծննդաբերելու դեպքում արձակուրդը կկազմի 70 օր, բարդ ծննդաբերության դեպքում՝ 85 օր, միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում՝ 110 օր։ Գործող կարգով ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, նախագծով փոփոխություն է նախատեսվում Աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածում։ Նախագիծը հանրային քննարկման է դրված 2026 թվականի նոյեմբերի 9-ից 25-ը և դեռ ընդունված չէ։
Ինչպե՞ս է հիմա
Աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ՝ 140 օր (70 օր՝ հղիության, 70 օր՝ ծննդաբերության), բարդ ծննդաբերության դեպքում՝ 155 օր, միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում՝ 180 օր։ Արձակուրդը հաշվարկվում է միասին և տրամադրվում է ամբողջությամբ, իսկ ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին։
Ի՞նչ է նախատեսում նախագիծը
- Հղիության 210-րդ օրը կամ դրանից հետո ծննդաբերելու դեպքում գործող կանոնը պահպանվում է. հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդին։
- Հղիության 154-րդից մինչև 209-րդ օրը ծննդաբերելու դեպքում արձակուրդը կկազմի 70 օր, բարդ ծննդաբերության դեպքում՝ 85 օր, մեկից ավելի երեխաների դեպքում՝ 110 օր։ Այս դեպքի համար չօգտագործված օրերի գումարման կանոն նախագծում նախատեսված չէ։
Այսպիսով, օրինակ, հղիության 180-րդ օրը ծննդաբերող կինը գործող դրույթի տառացի ընթերցմամբ կարող է ունենալ 140 օր, իսկ նախագծով՝ 70 օր արձակուրդ։ Հղիության 154-րդ օրվանից առաջ ծննդաբերելու դեպքը նախագծում առանձին կարգավորված չէ, իսկ ժամանակից շուտ ծննդաբերելու մասին գործող ընդհանուր դրույթը նախագծով փոխարինվում է, ուստի այդ դեպքում կիրառվող կարգը նախագծից պարզ չէ։
Ինչո՞ւ
Նախագծի հիմնավորման համաձայն՝ նպատակն է «բացառել վաղաժամ ծննդաբերության դեպքում կարգավորման տարբեր մեկնաբանությունները և ապահովել հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունքի իրացման միասնական մոտեցում»։ Թե ինչու է ընտրվել հենց 70 օրը, հիմնավորման մեջ նշված չէ։



