Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»
ANALYSIS«Փաստ» օրաթերթը գրում է.
Հանրային ու փորձագիտական մտքի համար կենսական նշանակություն ունի հասկանալը, թե ինչու հատկապես 2020 թվականին լայնածավալ կերպով սկսվեց Արցախի դեմ ուղղված ռազմական ագրեսիան, և արդյոք այսօր էլ գոյություն ունի՞ իրական հավանականություն, որ կարող է տեղի ունենալ նոր պատերազմ՝ այս անգամ արդեն անմիջականորեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ։
Այս հարցադրման խորքային իմաստը հասկանալու համար, բացի Հայաստանի ներքաղաքական դասավորությունից, անհրաժեշտ է նաև հետահայաց գնահատել հետպատերազմյան տասնամյակների տրամաբանությունը, քանի որ 1994 թվականին Բիշքեկում կնքված հրադադարի արձանագրությունից այս կողմ՝ ուղիղ քսանվեց տարի շարունակ, տարածաշրջանում նման մասշտաբի, ինտենսիվության և խորության խոշոր ռազմական գործողություններ չէին տեղի ունեցել։ Բնականաբար, օրինաչափ հարց է առաջանում, թե ինչո՞ւ Ադրբեջանը, տարիներ շարունակ կուտակելով նավթադոլարներ և սպառազինություն, ավելի շուտ չէր սկսում այդ լայնածավալ գործողությունները։
Հայկական իրականության մեջ շատ հաճախ տարածված է այն պարզունակ պատկերացումը, թե տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադարձությունները կախված են բացառապես Ադրբեջանի ղեկավարության կամքից ու ցանկությունից, մինչդեռ իրական աշխարհաքաղաքականության մեջ այդպես չէ, և միջազգային իրադրությունն ու գլոբալ ուժային կենտրոնների դիրքորոշումը շատ մեծ, հաճախ՝ վճռորոշ դերակատարություն ունեն։
Հենց այս համատեքստում պետք է արձանագրել, որ քսանվեց տարի շարունակ խոշոր պատերազմի բացակայությունը պայմանավորված չէր Բաքվի խաղաղասիրությամբ, այլ այն հանգամանքով, որ տարիներ շարունակ հենց միջազգային հանրությունը կամ աշխարհաքաղաքական խոշոր տերություններն են այս կամ այն կերպ՝ դիվանագիտական ճնշումներով, զսպման մեխանիզմներով և կարմիր գծերի սահմանմամբ, կանխել խոշոր էսկալացիան։ Քանի դեռ միջազգային անվտանգային համակարգը գործում էր հարաբերականորեն կանխատեսելի հավասարակշռության պայմաններում, և գերտերություններն ունեին բավարար ռեսուրս ու կենտրոնացվածություն Հարավային Կովկասում ստատուս քվոն վերահսկելու համար, ցանկացած լայնածավալ ռազմական արկածախնդրություն հղի էր Ադրբեջանի համար անկանխատեսելի միջազգային պատժամիջոցներով ու քաղաքական ծանր հետևանքներով։
Այդ տեսանկյունից 2020 թվականը ռազմական գործողություններ սկսելու համար պատմականորեն և աշխարհաքաղաքականորեն ամենահարմար պահն էր, քանի որ աշխարհը հայտնվել էր աննախադեպ համակարգային ճգնաժամի մեջ։ Այդ շրջանում ամբողջ աշխարհով մեկ կայծակնային արագությամբ տարածվել էր կորոնավիրուսի համավարակը, և անգամ ամենախոշոր ու հզոր պետություններն իրենց ողջ պետական, ֆինանսական ու կառավարչական ուշադրությունը կենտրոնացնում էին բացառապես այդ անտեսանելի սպառնալիքի դեմ պայքարին։ Ավելին, համավարակի արդյունքում առաջատար երկրներում ներքաղաքական կյանքը ծայրահեղ լարվում էր, իսկ շարունակական լոքդաունների, տնտեսական անկման և սոցիալական սահմանափակումների պատճառով անընդհատ աճում էր հասարակական ներքին դժգոհությունը։ Եվ քանի որ աշխարհի ռազմաքաղաքական հավասարակշռությունը պահող հիմնական ուժերը խրված էին իրենց սեփական ներքին խնդիրների մեջ, և նրանց արտաքին քաղաքական զգոնությունը կտրուկ թուլացել էր, Ադրբեջանը սառնասրտորեն օգտագործեց այդ բացառիկ առիթը՝ Արցախի նկատմամբ լայնածավալ ռազմական ագրեսիա իրականացնելու համար։
Նաև հենց համաշխարհային ուշադրության այդ շեղվածությամբ և մեծ տերությունների ներքին կաթվածահար վիճակով էր պայմանավորված այն փաստը, որ սանձազերծված ռազմական ագրեսիան չստացավ այն կոշտ և զսպող միջազգային արձագանքը, որը սովորական պայմաններում սպասվում էր։ Անպատժելիության այդ նախադեպը որակապես փոխեց պաշտոնական Բաքվի ռազմավարական մտածողությունը, և դրա արդյունքում Ադրբեջանը հասկացավ, որ իր ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար պետք է պարբերաբար փորձել միջազգային հանրության զգոնությունը՝ շոշափելով մեծ տերությունների դիմադրողականության և արձագանքման շեմը։
Ուժի կիրառման այդ մարտավարության շարունակությունն էր պատճառը, որ հետպատերազմյան շրջանում Ադրբեջանն ընթացքում փորձեց խոշոր հարձակում գործել արդեն Հայաստանի Հանրապետության ռազմավարական ողնաշարը հանդիսացող Սյունիքի ուղղությամբ։ Սակայն այդ փուլում Բաքվի հաշվարկները բախվեցին տարածաշրջանային կարևորագույն դերակատարներից մեկի՝ Իրանի կոշտ, միանշանակ և անզիջում արձագանքին, որի արդյունքում Ադրբեջանը ստիպված եղավ հետ կանգնել իր ծրագրից՝ հստակ հասկանալով, որ սահմանների փոփոխության փորձի դեպքում շատ բարձր է ուղղակի ռազմական միջամտության հանդիպելու հավանականությունը։
Սակայն միջազգային զգոնությունը փորձարկելու ադրբեջանական ձեռագիրը դրանով չավարտվեց, և աշխարհաքաղաքական տեղաշարժերին զուգահեռ՝ Բաքուն նոր հնարավորություններ փնտրեց իր հավակնություններն առաջ մղելու համար։ Ահա թե ինչու 2025 թվականի գարնանը Ադրբեջանը ևս մեկ վտանգավոր փորձ կատարեց Սյունիքի ուղղությամբ խոշոր ռազմական հարձակում սկսելու նպատակով՝ կրկին հույս ունենալով օգտվել միջազգային հարաբերություններում առկա լարվածությունից։ Այս անգամ լայնածավալ բախումը կանխվեց արդեն ամերիկյան կողմի միջամտությամբ, որի արդյունքում Բաքուն հետ կանգնեց այդ ռազմական քայլից, իսկ դիվանագիտական գործընթացը, ի վերջո, հանգեցրեց նույն թվականի օգոստոսին Վաշինգտոնում կնքված եռակողմ համաձայնությանը։
Այդուհանդերձ, պետք է առավելագույնս իրատես լինել և գիտակցել, որ նույնիսկ Վաշինգտոնյան պայմանավորվածությունները և ԹՐԻՓՓ ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը բացարձակ երաշխիք չեն, որ հետագայում Ադրբեջանը չի փորձելու նոր հարձակման փորձեր ձեռնարկել։ Պատմական փորձն ու Բաքվի վարքագիծը հուշում են, որ քանի դեռ Ադրբեջանը զգում է, որ Հայաստանի պաշտպանական և աշխարհաքաղաքական դիրքերը թույլ են, ուժի միջոցով նոր զիջումներ կորզելու գայթակղությունը մշտապես պահպանվելու է։ Այս իրողությունն առավել վտանգավոր է դառնում այն պայմաններում, երբ ժամանակակից միջազգային դրությունն անընդհատ և անկանխատեսելիորեն փոխվում է, ուժային կենտրոնների միջև հակասությունները սրվում են, և ոչ ոք չի կարող բացառել, որ աշխարհաքաղաքական նոր ցնցումների համապատասխան փուլում Ադրբեջանի համար կրկին նոր հարմար առիթ կարող է ստեղծվել, երբ երաշխավոր կամ զսպող տերությունների ուշադրությունը դարձյալ շեղված կլինի այլ ճգնաժամերի վրա։
Ուստի, երևույթների այս շղթան հաշվի առնելով՝ հայկական կողմը պարտավոր է միշտ պահպանել իր ռազմաքաղաքական բարձր զգոնությունը՝ չտրվելով թղթային երաշխիքների պատրանքներին։ Հայաստանը պետք է հատուկ և առաջնահերթ ուշադրություն դարձնի իր ազգային անվտանգության համակարգի արմատական բարեփոխմանը՝ խորությամբ հաշվի առնելով ներկայիս հակամարտությունների ու ժամանակակից տեխնոլոգիական պատերազմների փոփոխված բնույթը։ Միայն սեփական ուժերով հզոր և ասիմետրիկ կերպով պատասխան հարվածներ հասցնելուն մշտապես պատրաստ լինելն է այն իրական զսպաշապիկը, որը կարող է հակառակորդի համար ցանկացած նոր ագրեսիա դարձնել անընդունելիորեն թանկ ու անիմաստ՝ անկախ նրանից, թե տվյալ պահին ինչպիսին կլինի միջազգային կոնյունկտուրան։
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



