Արևմուտքը հետխորհրդային պետություններին մեկը մյուսի հետևից փորձում է դարձնել հակառուսական օջախներ և օգտագործել իր գեոպոլիտիկ շահերի համար․ Մհեր Ավետիսյան
BLOGՀետխորհրդային պետությունների էլիտաներին թվում է, թե իրենք շատ լավ հասկանում են՝ ինչ է Ռուսաստանը, որոնք են Ռուսաստանի շահերը և ինչպես պետք է Ռուսաստանի հետ կառուցել սեփական անկախ պետությունների հարաբերությունները։
Սա է պատճառը, որ հետխորհրդային երկրները լուրջ, գիտականորեն, քաղաքական հետազոտությունների հիման վրա չեն վերաբերվում իրենց երկրների և Ռուսաստանի միջև հարաբերություններին, և առհասարակ ֆեյք պատկերացումներ ունեն Ռուսաստանի մասին և շատ հաճախ մտածում են, որ կենցաղային պատկերացումներով կարող են դատել Ռուսաստանի շահերի և Ռուսաստանի հետ իրենց պետությունների հարաբերությունների մասին։
Եվ այս ամենը շատ լավ գիտակցում է Արևմուտքը ու սկսում է Բժեզինսկու տեսության վրա իր գործողությունները։ Իհարկե, հետագայում Բժեզինսկին մեծանալու հետ մեկտեղ նաև հասունացավ ու հասկացավ, որ սխալ թեզ է առաջ քաշում, քանզի Բժեզինսկին պնդում էր, որ Ռուսաստանը միևնույնն է՝ ոչ մի ագրեսիվ քայլ չի անելու, չի պատասխանելու, կարելի է անընդհատ ճնշել, անընդհատ Արևմուտքի շահերը ի հաշիվ Ռուսաստանի առաջ տանել։
Հետո հասկացավ, որ դա սխալ թեզ էր, բայց հետսովետական երկրները շատ հաճախ այս թեզը կուրորեն ընկալել էին և մտածում էին, որ հնարավոր է Ռուսաստանի պետական շահերի հաշվին առաջ մղել սեփական նորանկախ փոքր պետությունների շահերը։
Նման կերպ մտածեց նաև Վրաստանը 2008 թվականին և հայտնվեց այնպիսի մի իրավիճակում, որ եթե ռուսական բանակը կանգ առի հրաման չստանար, ռուսները կգրավեին Թբիլիսին, և Վրաստանը որպես այդպիսին կկորցներ իր սուվերենիտետը։
Այստեղ ևս մեկ հետաքրքիր նրբություն կա։
Արևմուտքը, հասկանալով, որ հետխորհրդային պետություններին և այն պետություններին, որոնք, երկար ապրել են ռուսական իմպերիայի ներքո և լավ մարդկային, ազգային, մշակութային և առհասարակ բարեկամական հարաբերություններ ունեն ռուսների հետ, հենց այս պետություններին պետք է որպես գործիք օգտագործի Ռուսաստանի դեմ պատերազմում, քանզի լավ հասկանում է, որ այն, ինչ Ռուսաստանը կարող է անել, օրինակ, Գերմանիայի կամ Ֆրանսիայի հետ, այդ նույնը չի ցանկանա անել Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի և մնացածի դեպքում։
Իսկ Ուկրաինայի դեպքում դա ավելի շատ մեկ ազգի միջև քաղաքացիական պատերազմի է նման։ Հետևաբար Արևմուտքին ձեռնտու է նման պատերազմը։
Եվ դա մենք այսօր տեսնում ենք։ Նույնիսկ Թրամփը վերջերս հայտարարեց, որ Պուտինը շատ մեղմ է իրեն պահում Ուկրաինայի հետ պատերազմում։
Բայց այս ամենը նաև ցույց է տալիս Արևմուտքի ցինիզմը այն աստիճանի, որ նրանք ուկրաինացիներին, հետխորհրդային այլ ժողովուրդներին մարդու տեղ չեն դնում։ Նրանց ցավը չեն կիսում։ Չեն գիտակցում, որ էս մարդիկ գնում են զոհողության հանուն Արևմուտքի շահերի։ Հակառակը՝ դիտավորյալ այդ ժողովուրդներին տանում են կործանման հանուն արևմտյան գեոպոլիտիկ շահերի։
Եվ այստեղ ևս կա ցինիզմ, Արևմուտքում կարող են ասել, որ մենք մեղք չունենք կամ վատ բան չենք անում։ Եթե, օրինակ, Ուկրաինան կամ Վրաստանը կամ որևէ այլ երկիր չի գիտակցում իր պետական շահերը և պատրաստ է հավատալ մեր կեղծ խոստումներին և սեփական ժողովրդին ու պետությանը կործանել հանուն մեզ, ապա լավ ենք անում, օգտագործում ենք այդ պետություններն ու ժողովուրդներին։
Հիմա ունենք այն, ինչ ունենք։
Արևմուտքը հետխորհրդային պետություններին մեկը մյուսի հետևից փորձում է դարձնել հակառուսական օջախներ և օգտագործել իր գեոպոլիտիկ շահերի համար։
Ասում եմ չէ՞, հետխորհրդային պետությունների էլիտաները լավ չեն հասկանում Ռուսաստանին, դրա վառ ապացույցներից մեկն այն է, որ վերջերս Զելենսկին ասում էր՝ ես չէի հավատում, որ Ռուսաստանը կսկսի ՍՎՕ։
Այսինքն՝ ինքը մտածում էր՝ ինչ ուզենա, կարա անի, կարա Արևմուտքի կողմից իրա երկիրը դարձնի Ռուսաստանի համար կոնկրետ ճակատագրական հակառակորդ, մի տարածք, որից կարա Ռուսաստանի պետական շահերին ռեալ վտանգ սպառնա, և գոյաբանական վտանգ, ու Ռուսաստանը ոչինչ չի անի։
Էդ նույն տրամաբանությամբ մեր երկրի ղեկավարը ընտրություններից առաջ ասում էր՝ հնարավոր ա երկու լարի վրա խաղալ մեկ է ռուսները նորմալ են նայելու։
Իսկ հետո, երբ ընտրությունների ընթացքում սկսեցին սանկցիաներ անել, ասում էր՝ հեսա կընտրվեմ, կգնամ, հարցերը կլուծեմ։
Հետո ընտրվեց, հասկացավ, որ հնարավոր չի լուծել։
Ինչո՞ւ։ Որովհետև էմոցիաներով, մարդկային փոխհարաբերություններով և ապաքաղաքական, ապագեոպոլիտիկ տրամաբանությամբ են ընկալում Ռուսաստանի հետ հարաբերությունները։
Մտածում են, որ Ռուսաստանի դեմ ինչ էլ անեն, հետո կգնան, կասեն՝ մենք ձեր դեմ ոչ մի բան չենք արել, բայց դա չի աշխատում։
Ասածս էն ա, որ մենք պետք ա լուրջ վերաբերվենք ոչ միայն Ռուսաստանին, այլ առհասարակ պետք է հասկանանք որ քաղաքականություն ասվածը՝ ինքը գիտություն ա։
Էմոցիաների վրա, մարդկային փոխհարաբերությունների վրա ոչ մի բան չի կառուցվում։
Պետք է լուրջ վերաբերվել այս ամեն ինչին։
Այս թյուր և գիտական հիմք չունեցող ընկալումներն են, որ փաստացի կործանման առաջ կանգնեցրեցին Ուկրաինային՝ որպես պետություն։
Վրացիների դեպքում այսօրվա քաղաքական էլիտան փաստացի դեռևս դիմադրում է Արևմուտքին, որպեսզի չզոհաբերվի Ռուսաստանի դեմ գեոպոլիտիկ պայքարում։ Եվ դա, ինչ խոսք, խոսում է այն մասին, որ Վրաստանի քաղաքական էլիտաները հասունացել են և լավ պատկերացնում են իրենց պետության շահերը։
Բայց մյուս կողմից էլ Արևմուտքը Վրաստանին այնպիսի ուղիղ տեքստով առաջարկեց գործիք դառնալ և սեփական ժողովրդին կործանել հանուն Արևմուտքի, որ ուղղակի ավարտված անհայրենիք կամ անգրագետ պետք է լինեին այդ էլիտաները, որ այդ բաց տեքստի դեպքում համաձայնվեին սեփական ժողովրդին ու երկիրը կործանել։
Տեսեք արդեն Քսան տարուց ավել Պուտինը Ուկրաինային էլ խնդրեց, էլ բացատրեց, էլ համոզեց, հասկացրեց, որ չի խաբում, որ եթե նրանք շարունակեն գնալ դեպի Արևմուտք, պատերազմ է լինելու, ստիպված է լինելու ռակետներ ուղղել դեպի Կիև։
Բայց քանի որ Ուկրաինայի քաղաքական էլիտաները դեգրադացված և քաղաքականապես անգրագետ էին, մյուս կողմից էլ մտածում էին, որ Ռուսաստանը բլեֆ է անում, միևնույնն է՝ ոչինչ էլ չի անելու, քանզի հավատացել էին Արևմուտքի վերոնշված Բժեզինսկու տեսակետներին, արդյունքում հայտնվեցին պետականության կորստի իրական վտանգի առջև։
Էլ չեմ խոսում արդեն հարյուր հազարավոր զոհերի մասին և ուկրաինացի ժողովրդի փաստացի տառապանքների մասին, որոնք, ցավոք սրտի, դեռ նոր են սկսվել։
Այս իմաստով մենք հասել ենք մի իրավիճակի, որ Արևմուտքը նույն տեխնոլոգիաները, նույն ձեռագիրը օգտագործում է նաև Հայաստանում։
Հայաստանում ևս ձևավորվել է մի մթնոլորտ, որ մենք, Ռուսաստանը ռուսաստանցիներից ավելի լավ ենք հասկանում, որ լավ գիտենք՝ ռուսները որը որից հետո կանեն, մեր հետ կկռվեն, թե չեն կռվի, և իբր թե մենք Ռուսաստանի մասին ամեն ինչ գիտենք։ Մեզ պետք չեն ռուսագետներ, քաղաքական լուրջ անալիտիկա, և ինչ էլ անենք՝ մարսելու ենք։
Սա լավ մոտեցում չէ և լավ բանի չի բերելու։
Հայեր ջան Մենք պետք է լուրջ վերաբերվենք հայ-ռուսական հարաբերություններին և լուրջ գիտական մակարդակով վերլուծենք ու հասկանանք, թե ինչ է Ռուսաստանը, որոնք են նրա պետական շահերը, և ինչպիսին պետք է լինեն Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները։
Առավել ևս, որ մենք մեր աչքի առաջ արդեն ունենք Ուկրաինայի, Վրաստանի, հիմա կամաց-կամաց նաև կունենանք Մոլդովայի օրինակները։
Ռուսաստանը քսան տարուց ավել Ուկրաինային ասում էր՝ ձեր վարած քաղաքականությունը բերելու է Ռուսաստանի հետ պատերազմի։ Հետո Զելենսկին ասում ա՝ ես չէի հավատում, որ ռուսները ՍՎՕ կսկսեն։
Սիրելիներս հավատանք նրան, որ Ռուսաստանը մեզ քսան տարի չի ասելու, հիմայա ասում ու շատ արագ։
Ասում ա՝ եթե ես ձեզ պետք չեմ, եթե չեք ուզում իմ հետ ընկերություն անեք, ուզում եք իմ թշնամիների հետ ընկերություն անեք, հանրաքվե արեք, որ դա ֆիքսվի, որ այդ սխալ ճանապարհը միայն իշխանության տեսակետը չի, այլ նաև ժողովրդի տեսակետն ա, ու մենք պատրաստ ենք հեռանանք։
Սա շատ վտանգավոր հայտարարություն է, որովհետև երբ որ, օրինակ, ռուսներն ասում են՝ մենք կգնանք, դա նշանակում է, որ այլևս ռեգիոնալ անվտանգության ճարտարապետությունը քանդվում է, ու մենք մնում ենք մեն-մենակ, մեր հույսով, մեր հարևանների հետ։
Հարևաններ, որոնք ունեն իրենց ամբիցիաները մեր նկատմամբ։ Միանգամից Իրանը Թուրքմենչայի պայմանագիրը հեչ ա անում, որովհետև Իրանի համար ռեգիոնալ անվտանգության խաղաղությունը Թուրքմենչայի պայմանագրով ա։
Ռուսները դեռ չեն գնացել, Ադրբեջանը արդեն խոսում ա Արևմտյան Ադրբեջանից։ Թուրքիան կարող ա ոչ մի բան էլ չխոսա, որովհետև եթե ռեգիոնը խառնվի իրար, իրան դա ձեռ ա տալիս, ինքը կարա ցանկացած պահի ինչ-որ մի բան անի և ինչ-որ մի օգուտ ստանա։ Դեռ չգիտենք՝ իրենց ոնց կպահեն վրացիները։
Գլոբալ առումով մեր դեպքում, երբ որ ռուսներն ասում են՝ մենք կգնանք, դա արդեն անվտանգության լուրջ խնդիր ա ստեղծում մեր համար։
Հիմա մենք էլ կարող ա մի օր հելնենք, ասենք՝ մենք էլ չէինք հավատում, որ կգնան, ոնց որ հիմա Զելենսկին ասում ա՝ ես չէի հավատում, որ կսկսի ՍՎՕ։
Այսինքն՝ պետք ա լրջանալ, ժողովուրդ։ Իսկապես պետք ա լրջանալ։
Տեսեք, ժողովուրդ ջան, ինչպես Ուկրաինայի դեպքում Ռուսաստանը քսան տարի խնդրում էր, համոզում էր, փորձում էր անընդհատ Ուկրաինային հետադարձ ճանապարհի տեղ թողնել, նույնիսկ տասնչորս թվականին Ղրիմը Ռուսաստանին վերադարձնելու գործընթացներից հետո, նույնիսկ Մինսկում բանակցությունների ժամանակ գնում էր այնպիսի զիջումների Դոնբասի հարցով, որոնք իրականում Ռուսաստանի համար պետական շահերից չբխող էին։
Բայց այդ ամենն անում էր, որպեսզի բանը բանից չանցնի, և Ուկրաինան որպես պետականություն չհայտնվի կորստի առաջ։ Ստիպված չլինեն Ռուսաստանն ու Ուկրաինան կռվել, որի արդյունքում կլինեին հազարավոր զոհեր, և Ուկրաինան որպես պետականություն կկործանվեր։
Էդ նույն տրամաբանությամբ էլ հիմա ռուսները մեր հետ են խոսում։
Իրենք ոչ թե մեզ ՀԱՊԿ-ից հեռացնում են, այլ ձայնից զրկում են, բայց հետևից ասում են՝ դուռը չենք փակում, կարող եք հետ վերադառնալ։
ԵԱՏՄ-ի մասով մեր հանդեպ սանկցիաներ են անում, բայց չեն հեռացնում մեզ ԵԱՏՄ-ից, չնայած եթե մենք այսպես շարունակենք, ըստ ամենայնի, մեզ կհեռացնեն։
Այսինքն՝ դարձյալ փորձում են այնպիսի քայլեր անել, որ Հայաստանը հետ վերադառնալու՝ դեպի հայ-ռուսական հարաբերությունների հնարավորություն ստանա։
Ինչո՞ւ։
Որովհետև, ի տարբերություն մեզ, Ռուսաստանի էլիտաները շատ լավ հասկանում են, թե ինչ է լինելու Հայաստանում և մեր տարածաշրջանում, եթե Հայաստանը վերջնականապես հեռանա Ռուսաստանի անվտանգության համակարգից և գնա դեպի Ռուսաստանի համար թշնամի արևմտյան ճամբար։
Լավ հասկանում են, որովհետև էդ անվտանգության ճարտարապետությունը մեր ռեգիոնի, Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը իրենք են կառուցել։
Եվ իրենք շատ լավ հասկանում են, որ ամեն մի դետալը, ամեն մի քաղաքական սխալը ունենալու է իր հետևանքները և ճակատագրական հետևանքները Հայաստանի և Հայաստանի քաղաքացիների համար։
Հիմա մենք ոչ թե պետք է ինադ ընկնենք, ասենք՝ դե որ դուք այդպես, մենք էլ այսպես, դե որ դուք ձերը կասեք, մենք էլ մերը կասենք, այլ պետք է գիտակցենք, որ Ռուսաստանի պահվածքը մեր հանդեպ դա բարեկամական է, և ուզում եմ շեշտել՝ միակ բարեկամի։
Մենք այլ բարեկամներ էս աշխարհում չունենք։ Մեր ժողովրդի միակ բարեկամը, միակ դաշնակիցը, մեր միակ լավը կամեցողը դա Ռուսաստանն ու մեր եղբայր ռուս ժողովուրդն է։
Չունենք այլ բարեկամներ, չենք ունեցել, և չգիտեմ՝ ապագայում կունենանք, թե չենք ունենա։
Հիմա մենք պետք է Ռուսաստանի գործողությունները հասկանանք, որ նրանք փորձում են մեզ խելքի բերել, փորձում են մեզ սթափեցնել, փորձում են նաև մեզ ցույց տալ, որ կատակ չեն անում, որ կարող են մեր հանդեպ անել լուրջ քայլեր։
Բայց, ցավոք սրտի, մեզանում այս ամեն ինչը չի քննարկվում։ Մեզանում քննարկվում են այնպիսի հարցեր, որոնք այս պահին ոչ թե երկրորդական, երրորդական, այլ ընդհանրապես կարևոր չեն։
Եթե դու արդեն հասել ես մի կետի, որ բացահայտ հակասություններ ու հակադրություններ ունես Ռուսաստանի Դաշնության հետ, Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, Իրանի հետ ապա բոլոր խնդիրները երկրորդական են, որովհետև դրանք ծագում են հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումից։
Դրանք՝ մեր հարևան պետությունները, օգտվելով առիթից, որ մենք փչացնում ենք հայ-ռուսական հարաբերությունները և քանդում ենք մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը, փորձում են առաջ բրթել իրենց անվտանգային, իրենց պետական շահերը ի հաշիվ Հայաստանի։
Սա է պատճառը, որ ես արդեն վեց տարի ասում եմ՝ ժողովուրդ ջան, եկեք բոլոր հարցերը թողնենք մի կողմ՝ իշխանություն, ընդդիմություն, աթոռակռիվ և այլն, և այլն, և այլն, և հասկանանք՝ ոնց ենք մեր երկրի անվտանգության խնդիրը լուծելու։
Դա հեշտ չի, որովհետև իննսունմեկ թվականից սկսած մեր քաղաքական չակերտավոր ասած շատ ինտելեկտուալ էլիտաները, ընկնելով Արևմուտքի խելքին, թույլ են տվել, դեռ մի տեղ էլ իրենք են օգնել, որ խեղաթյուրվի մեր պատմությունը, որ մեր պատմության մեջ այնպիսի կեղծ օրակարգեր ձևավորվեն, որ իբր թե ռուսները մեզ միշտ դավաճանել են, ծախել են մեր հողերը, որ նրանք մեր բարեկամները չեն։
Նույնիսկ արդեն կան մարդիկ, ովքեր ասում են՝ ռուսները դրանք նույն թուրքերն են և այլն, և այլն, և այլն։
Եվ փաստորեն արևմուտքը, կեղծելով հայոց պատմությունը, մեր էլիտաների բացթողության կամ շատ հաճախ նաև հենց նրանց օգնությամբ, հրամցրել են մեր ժողովրդին մի մեծ մասին էդ կեղծ օրակարգերը։
Եվ նման իրավիճակում շատ դժվար է լինելու մեր ժողովրդին բացատրելը, որ էդ ամեն ինչը սուտ ա։
Մանավանդ որ Արևմուտքը չի դադարում իր աշխատանքները տանել։ Նա շարունակում է այնպես անել, որ Հայաստանի հասարակության մոտ լինի կարծիք, որ ռուսները մեզ բարեկամ չեն, որ իբր թե հնարավոր է առանց ռուսների մեր տարածաշրջանում ունենալ խաղաղություն, որ Հայաստանը կարա գնա Արևմուտք, կարա երբևէ լինի Եվրամիության անդամ, էդ թեզերը շարունակում են ակտիվորեն տարածվել։
Ավելին, հակառակը խոսացողները շատ քիչ են, շատ։
Քաղաքական առաջատար ուժերի մեջ հայ-ռուսական հարաբերությունների կողմնակից և հայ-ռուսական հարաբերությունները հասկացող ուժեր չկան։ Միանշանակ հայտարարում եմ։
Բոլոր ուժերն էլ ասում են՝ մենք կարող ենք երկու լարի վրա խաղանք։ Այսինքն՝ իրանք ասում են՝ թող էսօրվա իշխանությունը գնա, մենք կգանք, կանենք նույն բանը, կստանանք այլ արդյունք։
Դա աբսուրդ և տգետ մոտեցում է։
Հիմա հարց է առաջանում՝ բա նման իրավիճակում ի՞նչ պետք է անել։
Հայեր ջան, Նման իրավիճակում ինչ պետք է անելու մասին կխոսեմ առաջիկայում, որովհետև դա ևս բավականին երկար զրույց է, բավականին ծանր աշխատանք պահանջվող գործընթաց է։
Այսօր ուզում եմ այսքանով ամփոփել։
Ուղղակի ուզում եմ խնդրել, կոչ անել բոլորիս՝ լրջանանք, քանզի մեր երեխաների, ծնողների, մեր հայրենիքի անվտանգության մասին է խնդիրը։
Եվ այն, ինչ որ կատարվում ա մեր շուրջ, դա նորմալ չի։
Եվ մենք մեր պահվածքով, ամեն մեկս մեր կյանքով, մեր առօրյա հարցերով անտարբեր մնալով այս ամենին, դա էլ նորմալ չի, քանի որ դա կարա շատ լուրջ հետևանքներ ունենա մեր պետության ու ժողովրդի համար։
Խնդրում եմ Աստծուն տա ուժ ու իմաստություն իմ հայ ժողովրդին։
Հայեր ջան Առաջիկայում ես կշարունակեմ այս զրույցը։
Տեսանյութն՝ այստեղ



