33-ամյա տղան սպանել է հորը
SOCIETYՆիդերլանդներում 33-ամյա տղամարդը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ սեփական հոր սպանության համար։ Հանցագործությունը թաքցնելու նպատակով նա հոր մարմինը բաժանել է 238 մասի և պահել երկու սառցարաններում ու վարձակալված պահեստային տարածքում։ Այս մասին հայտնում է NOS-ը։
66-ամյա Ալբերտը անհետացել էր 2021 թվականի փետրվարին։ Նրա որդին՝ Թեյմեն Վ.-ն, ոստիկանությանը հայտնել էր, որ հայրը կարող էր ինքնասպան լինել կամ ֆինանսական խնդիրների պատճառով լքել երկիրը։ Հետաքննության ընթացքում ուսումնասիրվել են երկու վարկածներն էլ, սակայն որոնումները արդյունք չեն տվել։
Ալբերտի մարմնի մասերը հայտնաբերվել են միայն 2024 թվականի վերջին՝ այն տանը, որտեղ նա նախկինում բնակվել է որդու հետ։
Դատարանում Թեյմենը պնդել է, որ գործել է ինքնապաշտպանության նպատակով։ Նրա խոսքով՝ հոր հետ հարաբերությունները երկար ժամանակ լարված են եղել, և նրանք հաճախ են վիճել։
Մեղադրյալը պատմել է, որ մի առիթով նկատել է՝ հայրը, իբր, առնետի թույն է լցրել իր թեյի մեջ։ Երբ ինքը փորձել է պարզաբանում պահանջել, հայրը, ըստ նրա, դանակ է վերցրել։
Թեյմենը պնդել է, որ արձանիկով հարվածել է հոր գլխին, ապա ոտքով հարվածել նրա պարանոցին։ Հոր մահից հետո, իր խոսքով, խուճապի է մատնվել և որոշել ազատվել մարմնից։
Սակայն դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ Ալբերտը մահացել է պարանոցի սեղմման հետևանքով առաջացած շնչահեղձությունից։
Դատարանը մերժել է ինքնապաշտպանության մասին մեղադրյալի փաստարկները և նրան մեղավոր ճանաչել սպանության ու դիակը թաքցնելու մեջ։ Պատիժը նշանակելիս հաշվի է առնվել տղամարդու սահմանափակ մեղսունակությունը։
12 տարվա ազատազրկումից բացի՝ Թեյմեն Վ.-ն պարտավորեցվել է ավելի քան 40 հազար եվրո փոխհատուցում վճարել իր եղբորն ու քրոջը։
Past.am-ը ներկայացնում է միջազգային քրեական դեպքերի վերաբերյալ ուշագրավ տեղեկությունները՝ պահպանելով հրապարակվող փաստերի և դատարանի հաստատած հանգամանքների տարբերությունը։



