Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում
SOCIETYԿառավարությունը նախատեսում է ձևավորել ճանապարհային անվտանգության տվյալների կառավարման միասնական համակարգ, որը հնարավորություն կտա մեկտեղել ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետևանքով զոհված և վիրավորված անձանց, ճանապարհային ենթակառուցվածքի, վարչական իրավախախտումների և ապահովագրական հատուցումների վերաբերյալ տեղեկությունները։
Iravaban.net–ը ուսումնասիրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մշակած՝ ճանապարհային անվտանգության տվյալների կառավարման համակարգի ձևավորման, վարման և տվյալների ինտեգրման կարգը սահմանելու մասին նախագիծը և դրա հիմնավորումը՝ ներկայացնելով, թե ինչ նպատակով է առաջարկվում ստեղծել նոր համակարգ, ինչ տվյալներ են ներառվելու դրանում և ինչ փոփոխություններ կարող են լինել ճանապարհային անվտանգության կառավարման ոլորտում։
Ինչո՞ւ է անհրաժեշտ միասնական համակարգ ստեղծել
Ներկայումս ճանապարհային անվտանգության վերաբերյալ տվյալները հավաքագրվում և պահպանվում են տարբեր պետական մարմինների ու ոլորտային համակարգերի միջոցով։ Դրանք ներառում են պետական ճանապարհային մարմնի, Ներքին գործերի նախարարության, Առողջապահության նախարարության և ԱՊՊԱ համակարգի տեղեկատվական աղբյուրները։
Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման կարգը սահմանված է Կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1410-Ն որոշմամբ։ Այն նախատեսում է պատահարների վերաբերյալ տվյալների հավաքագրում, վթարայնության վիճակի գնահատում, պատահարների պատճառների և դրանց նպաստող պայմանների ուսումնասիրություն ու վերլուծություն։
Սակայն ճանապարհային ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի, բժշկական օգնության արդյունքների և ապահովագրական հատուցումների վերաբերյալ տվյալները ձևավորվում են տարբեր իրավական և տեխնիկական պայմաններով։
Դրանց համադրումը դժվարանում է, քանի որ միասնականացված չեն տվյալների կազմը, նույնականացման եղանակները, փոխանցման պարբերականությունը, հասանելիության և ճշտման ընթացակարգերը։
Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ միասնական համակարգի բացակայությունը դժվարացնում է վթարավտանգ հատվածների բացահայտումը, ճանապարհային անվտանգության բարելավման միջոցառումների արդյունավետության գնահատումը և առկա ֆինանսական միջոցների օգտագործման առաջնահերթությունների որոշումը։
Ի՞նչ տվյալներ են ներառվելու համակարգում
Նախագծով առաջարկվում է ճանապարհային անվտանգության տվյալների կառավարման համակարգում ներառել տարբեր աղբյուրներից ստացվող և միմյանց լրացնող տեղեկություններ։
Մասնավորապես՝
- ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ տվյալներ,
- պատահարների հետևանքով զոհված և վիրավորված անձանց վերաբերյալ տեղեկություններ,
- ճանապարհային ենթակառուցվածքի և ավտոմոբիլային ճանապարհների տեխնիկական վիճակի վերաբերյալ տվյալներ,
- ճանապարհային երթևեկության բնագավառում արձանագրված վարչական իրավախախտումների վերաբերյալ տեղեկություններ,
- բժշկական օգնության արդյունքների և տուժածների առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ,
- ԱՊՊԱ համակարգի միջոցով ձևավորված՝ պատահարների, գույքային վնասների և ապահովագրական հատուցումների վերաբերյալ տեղեկություններ։
Այս տվյալների համադրումը հնարավորություն կտա ճանապարհային անվտանգության վիճակը գնահատել ոչ միայն պատահարների թվով, այլև դրանց տեղադիրքի, հետևանքների, պատճառների և ենթակառուցվածքի վիճակի համատեքստում։
Ո՞ր մարմիններն են պատասխանատու լինելու տվյալների կառավարման համար
Նախագծով սահմանվում են պետական ճանապարհային մարմնի, Ներքին գործերի նախարարության և Առողջապահության նախարարության լիազորությունները։
Առաջարկվում է կարգավորել նշված մարմինների միջև տվյալների փոխանցման, թարմացման, ճշտման և հասանելիության տրամադրման գործընթացները։
Կսահմանվեն նաև՝
- տվյալների փոխանցման և թարմացման ժամկետները,
- տվյալների հասանելիության տրամադրման և դադարեցման կարգը,
- կրկնակի հաշվառման, թերի կամ անհամապատասխան տվյալների հայտնաբերման և ճշտման մեխանիզմները,
- տեխնիկական խափանումների արձանագրման և վերացման ընթացակարգերը։
Առանձին կարգավորում է նախատեսվում ԱՊՊԱ տվյալների օգտագործման համար։ Դրանք կիրառվելու են ճանապարհատրանսպորտային պատահարների, գույքային վնասների և ապահովագրական հատուցումների վերաբերյալ համախմբված ցուցանիշների վերլուծության նպատակով։
Ինչպե՞ս են պաշտպանվելու անձնական և բժշկական տվյալները
Քանի որ համակարգում ներառվելու են նաև տուժած անձանց առողջական վիճակի և բժշկական օգնության վերաբերյալ տեղեկություններ, նախագծով նախատեսվում է պահպանել անձնական տվյալների, բժշկական գաղտնիքի և օրենքով պահպանվող այլ տեղեկությունների պաշտպանության պահանջները։
Միաժամանակ անհրաժեշտ է սահմանել առողջապահական տվյալների օգտագործման իրավական հիմքերը, ինչպես նաև ԱՊՊԱ տվյալների փոխանցման իրավական և տեխնիկական պայմանները։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ համապատասխան կարգավորումները պետք է համադրվեն ոլորտային իրավական ակտերով արդեն սահմանված պահանջների հետ՝ դրանց հակասություններ չստեղծելու պայմանով։
Որքա՞ն հաճախ են վերլուծվելու տվյալները
Նախագծով նախատեսվում է ապահովել ճանապարհային անվտանգության եռամսյակային, կիսամյակային և տարեկան վերլուծությունների իրականացումը։
Համակարգում հավաքագրված տվյալների հիման վրա հնարավոր կլինի բացահայտել ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության տեսանկյունից առավել ռիսկային հատվածները, գնահատել իրականացված բարելավման միջոցառումների արդյունավետությունը և պլանավորել հետագա աշխատանքները։
Բացի այդ, նախատեսվում է հաշվարկել ճանապարհատրանսպորտային պատահարների հանրային ծախսերը։
Այս տեղեկատվությունը կարող է օգտագործվել ճանապարհային անվտանգության ծրագրերի և խոշոր ենթակառուցվածքային նախագծերի տնտեսական գնահատման, ինչպես նաև ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունավետությունը չափելու համար։
Համակարգի ստեղծումը որքան կարժենա
Նախագծի ընդունման կապակցությամբ, ըստ հիմնավորման, անմիջապես լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի փոփոխություն չի առաջանում։
Այնուամենայնիվ, համակարգի ներդրման արդյունքում պետական բյուջեում ակնկալվում են ծախսերի և եկամուտների փոփոխություններ։
Նախնական գնահատականներով՝ միասնական և ինտեգրված համակարգի ստեղծման ծրագիրը կարժենա շուրջ 450 հազար եվրո։
Հիմնավորման մեջ նշվում է, որ գումարը հաշվարկվել է դեռևս 2019 թվականին նախատեսված՝ տվյալների հավաքագրման և կառավարման համակարգի համար հաշվարկված արժեքի հիման վրա։ Համակարգի ստեղծման և շահագործման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների վերջնական չափը կորոշվի արդի պայմաններում նմանատիպ համակարգերի արժեքների ուսումնասիրությունից հետո։
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում այլ իրավական ակտերում
Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ նախատեսվում է լրացումներ կատարել Կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1410-Ն որոշման մեջ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման տվյալները նոր համակարգ փոխանցելու ընթացակարգերն ու ժամկետները սահմանելու նպատակով։
Անհրաժեշտություն կարող է առաջանալ նաև փոփոխություններ կամ լրացումներ կատարելու Առողջապահության նախարարի՝ 2026 թվականի մայիսի 26-ի N 42-Ն հրամանում՝ գնահատելով գործող իրավական հիմքերի բավարար լինելը և հաշվի առնելով բժշկական գաղտնիքի ու անձնական տվյալների պաշտպանության պահանջները։



