Կիմ Չեն Ընն անպատասխան է թողել հանդիպելու Թրամփի առաջարկը
INTERNATIONAL NEWSԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը ստուգել է դպրոցական սարքավորումներն ու ուսումնական ձեռնարկները, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։
Այցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կիմը, ըստ երևույթին, անպատասխան է թողել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ասիական շրջագայության ընթացքում նոր հանդիպում անցկացնելու առաջարկը։
Հինգշաբթի Թրամփն ավարտել է իր ասիական շրջագայությունը, որի շրջանակում տեղի է ունեցել եռակողմ գագաթնաժողով՝ Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդների մասնակցությամբ։ Կիմի հետ հանդիպումն այդպես էլ չի կայացել։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ բանակցությունների համար շատ քիչ ժամանակ ուներ, սակայն վստահություն է հայտնել, որ ինքն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդը «մի օր կանցկացնեն այդ հանդիպումը»։
Փհենյանը դեռ որևէ կերպ չի մեկնաբանել Թրամփի խոսքերը։
Փոխարենը հյուսիսկորեական լրատվամիջոցները հրապարակել են լուսանկարներ, որոնցում Կիմը գործարաններում զննում է ուսումնական ձեռնարկներն ու դպրոցների բնագիտական առարկաների կաբինետների համար նախատեսված սարքավորումները։ Ըստ ԿԿՀԳ-ի՝ ուրբաթ տեղի ունեցած այցի ընթացքում ԿԺԴՀ առաջնորդն ուսումնասիրել է դպրոցական կահույքի և սարքավորումների նմուշները, որոնք արտադրվելու են ձեռնարկությունում։
«Գիտությունն ու կրթությունը ապագա սերունդների և հեղափոխության նկատմամբ մեր հեղափոխական հայացքի ամենաակնառու արտահայտությունն են», — հայտարարել է Կիմը, հայտնում է գործակալությունը։
Այս շրջագայության ընթացքում Թրամփը բազմիցս խոսել է Չինաստանում Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպելու հնարավորության մասին՝ պնդելով, որ վերջինս «կցանկանար» հանդիպել իր հետ։ Սակայն Փհենյանը չի հաստատել բանակցությունների նկատմամբ իր հետաքրքրվածությունը։
Այս շաբաթվա սկզբին Կիմն այցելել է լեռնադահուկային հանգստավայր և Պեկտուսան լեռ, իսկ չորեքշաբթի եղել է ռազմածովային համալսարանում, որտեղ ընդգծել է ծովային պաշտպանության ամրապնդման կարևորությունը։
Իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում Թրամփը երեք անգամ հանդիպել է Կիմի հետ։ Բանակցություններն ուղղված էին ԿԺԴՀ միջուկային ծրագրի սահմանափակմանը, սակայն կոնկրետ պայմանավորվածությունների չեն հանգեցրել։
Չնայած ՄԱԿ-ի բազմամյա պատժամիջոցներին՝ Հյուսիսային Կորեան շարունակում է զարգացնել իր միջուկային ծրագիրը։ Երկիրն իր միջուկային կարգավիճակն ամրագրել է օրենսդրությամբ և իր միջուկային զինանոցը հայտարարել մշտական ու անշրջելի։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ Պեկինի և Մոսկվայի հետ Փհենյանի կապերի ամրապնդումը նվազեցնում է Վաշինգտոնի հետ երկխոսության նկատմամբ ԿԺԴՀ-ի հետաքրքրվածությունը և բարդացնում բանակցությունները վերսկսելու Թրամփի ջանքերը։



