Իրանում հայտնի երգչուհուն պшտժել են առանց հիջաբի ելույթ ունենալու համար
SOCIETYԻրանի իշխանությունները մտրակի հարվածների են ենթարկել հայտնի երգչուհի Պարաստու Ահմադիին, ինչպես նաև նրա երաժշտական խմբի և նկարահանող անձնակազմի չորս անդամների. նրանցից յուրաքանչյուրը ստացել է մտրակի 74-ական հարված։ Պատժի պատճառ է դարձել Ահմադիի ելույթն առանց հիջաբի։
Փաստաբանների հաղորդմամբ՝ պատժի իրականացումը տեղի է ունեցել Ղոմ քաղաքում, որտեղ 2024 թվականին կայացել էր համերգը, որը ուղիղ եթերով հեռարձակվել էր երգչուհու YouTube-յան ալիքում և գրավել իշխանությունների ուշադրությունը։
Այն ժամանակ 29-ամյա Ահմադին ելույթ էր ունեցել բաց ուսերով զգեստով և առանց գլխաշորի։ Իրանական օրենքներն արգելում են կանանց հրապարակային երգել և պարտավորեցնում են նրանց կրել հիջաբ ու փակ հագուստ։
Այս տարվա հունիսին Ղոմի քրեական դատարանը Ահմադիին և ևս ութ հոգու մեղավոր էր ճանաչել «անպարկեշտ և անվայել նյութեր» հրապարակելու միջոցով «հասարակական բարոյականությունը վիրավորելու» մեջ։ Ամբաստանյալները հերքել էին մեղադրանքները։
Մտրակահարումը հրապարակային չի եղել։ Ինչպես Բի-Բի-Սի-ին հայտնել է դատապարտյալների փաստաբաններից մեկը, այն տեղի է ունեցել Ղոմի քրեական պատիժների կատարման վարչության երրորդ բաժանմունքում։ Մտրակի 74 հարվածից բացի, դատապարտյալներին երկու տարով արգելվել է տեսա և ձայնանյութեր ձայնագրել, ինչպես նաև մեկնել երկրից։
Սեպտեմբերի վերջին Ղոմի վերաքննիչ դատարանը մերժել է ամբաստանյալների բողոքները և ուժի մեջ թողել դատավճիռը, հայտնել են նրանց փաստաբանները։ Դատավճիռը դատապարտման ալիք է բարձրացրել իրանցի արվեստագետների և իրավապաշտպանների շրջանում։ Նրանք ընդգծել են, որ մտրակահարումը դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող պատիժ է, որը խախտում է խոշտանգումների միջազգային արգելքը։
«Մենք արեցինք հնարավոր ամեն ինչ՝ դատավճռի չեղարկման կամ գոնե պատժի մեղմացման, կամ դրա կատարման հետաձգման հասնելու համար, բայց ոչինչ չստացվեց», ասել է փաստաբաններից մեկը։



