Կոբախիձեն հաջողություն է մաղթել Հայաստանի իշխանություններին սահմանադրական բարեփոխումների իրականացման գործում
INTERNATIONAL NEWSՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է Հայաստանի սահմանադրական փոփոխություններին՝ դրանք որակելով որպես ինքնիշխան և լիովին տրամաբանական որոշում։ Այս մասին հայտնում է վրացական Interpressnews լրատվական գործակալությունը։
«Մենք մեծ հարգանք ունենք Հայաստանի կառավարության՝ մեր բարեկամ կառավարության նկատմամբ և մաղթում ենք նրանց հաջողություններ սահմանադրական բարեփոխումների իրականացման գործում»,- հայտարարել է Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետը համեմատել է երկու երկրների ընտրական իրավունքի կարգավորումները՝ նշելով, որ Հայաստանում քվեարկելու համար նախատեսվում է երկրում առնվազն մեկ տարի բնակվելու պահանջ։
Կոբախիձեն նաև հեգնանքով անդրադարձել է քաղաքացիական ակտիվիստներին։
«Մենք կոչ ենք անում այսպես կոչված քաղաքացիական ակտիվիստներին գալ Երևան և բողոքել այս սահմանադրական փոփոխությունների դեմ։ Սա, իհարկե, կատակ է»,- ընդգծել է նա։
Վրաստանի վարչապետն ասել է նաև, որ սահմանադրական փոփոխությունների՝ իրավական չափանիշներին համապատասխանության գնահատումը Հայաստանի իշխանությունների իրավասությունն է։
«Սա նրանց ինքնիշխան իրավունքն է։ Մենք մեծապես հարգում ենք Հայաստանի իշխանություններին՝ մեր բարեկամ իշխանություններին, և մաղթում ենք նրանց հաջողություններ սահմանադրական բարեփոխումների իրականացման գործում»,- հավելել է Կոբախիձեն։



