ԱՄՆ-ն զգուշացնում է լայնածավալ պատերազմի վտանգի մասին
INTERNATIONAL NEWSԱՄՆ իշխանությունները կոչ են արել Իրանում գտնվող իրենց քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը՝ միաժամանակ Մերձավոր Արևելքի մյուս հատվածներում գտնվող ամերիկացիներին նախազգուշացնելով հնարավոր նոր հարձակումների և ռազմական գործողությունների ընդլայնման վտանգի մասին։
ԱՄՆ Պետդեպարտամենտի նախազգուշացումը հրապարակվել է Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան օբյեկտների ուղղությամբ Իրանի հարվածներից, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի վրա եմենցի հութիների հարձակումից հետո։ Վերջինիս հետևանքով 11 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Euronews-ը։
ԱՄՆ-ի վիրտուալ դեսպանատան անվտանգության հաղորդագրության մեջ նշվում է, որ Իրանը, եմենցի հութիները և Թեհրանի հետ կապված այլ խմբավորումներ կարող են թիրախավորել տարածաշրջանում ամերիկյան շահերն ու քաղաքացիներին, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ կապ ունեցող ընկերություններն ու հաստատությունները։
«Որևէ պատճառով մի՛ մեկնեք Իրան։ Միացյալ Նահանգների քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը»,- ասվում է նախազգուշացման մեջ։
Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին հորդորվել է հետևել ավիաընկերությունների և օդանավակայանների աշխատանքին՝ պատրաստ լինելով չվերթների հնարավոր չեղարկումներին և օդային տարածքի փակմանը։
Նախազգուշացման համաձայն՝ Իրանի ցամաքային սահմանները հատելու կանոնները, ինչպես նաև այլ երկրներ մուտք գործելու պայմանները կարող են կարճ ժամանակահատվածում փոփոխվել։
ԱՄՆ քաղաքացիներին նաև խորհուրդ է տրվել խուսափել ցույցերից, մարդկանց մեծ կուտակումներից և ոստիկանության ուժեղ ներկայությամբ տարածքներից, զգոն լինել ամերիկյան շահերի հետ կապ ունեցող վայրերում։
Հնարավոր օդային հարձակումների դեպքում նրանց հորդորվել է հեռու մնալ պատուհաններից ու դռներից, պաշտպանվել հնարավոր բեկորներից, հեռախոսները պահել լիցքավորված և հետևել տեղի իշխանությունների հրահանգներին։ Քաղաքացիներին առաջարկվել է նաև գրանցվել Պետդեպարտամենտի տեղեկատվական համակարգում՝ անվտանգության վերաբերյալ թարմացումներ ստանալու համար։
Հատկանշական է, որ ԱՄՆ-ն և Իրանը դիվանագիտական հարաբերություններ չունեն 1980 թվականից։ Թեհրանում ամերիկյան շահերը ներկայացնում է Շվեյցարիան, իսկ ԱՄՆ քաղաքացիներին անհրաժեշտ օգնության համար նախազգուշացման մեջ նշված է Շվեյցարիայի դեսպանատան համապատասխան բաժինը։
Past.am-ը հետևում է Մերձավոր Արևելքում զարգացող իրավիճակին, որը շարունակում է մտահոգություններ առաջացնել տարածաշրջանային անվտանգության և միջազգային հաղորդակցության վերաբերյալ։



