Ադրբեջանցի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․ լայնածավալ քննարկում է նախատեսվում
POLITICSՆոյեմբերի 26–27-ը Հայաստանում կանցկացվի հայաստանյան և ադրբեջանական քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ լայնածավալ քննարկում՝ կլոր սեղանի ձևաչափով: Այդ մասին հայտնում է Հայկական խորհուրդը:
«Քննարկման ընթացքում անդրադարձ կարվի 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում հաստատված խաղաղության օրակարգին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ամրապնդման և ինստիտուցիոնալացման նախաձեռնություններին, երկու հանրությունների միջև փոխվստահության ձևավորմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումներին, Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության, առևտրի և հաղորդակցական ուղիների ձևավորման հնարավորություններին, մարդասիրական հարցերին, երիտասարդության հետ աշխատանքին և կրթությանը, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատման հեռանկարներին»,- նշված է հաղորդագրության մեջ։



