30-ամյա կնոջ գինու մեջ մեթանոլ են խառնել. նա մահացել է
SOCIETYԻնդոնեզիայի Բալի կղզում 30-ամյա ռուս բժշկուհի Անաստասիա Սոբոլևսկայան մահացել է ենթադրաբար անորակ ալկոհոլից թունավորման հետևանքով։ Չի բացառվում, որ նրա օգտագործած խմիչքում եղել է կյանքի համար վտանգավոր մեթանոլ։ Այս մասին AIF-ին հայտնել է Ռուսաստանի տուրիստական գործակալությունների դաշինքի փոխնախագահ Ալեքսան Մկրտչյանը։
Սանկտ Պետերբուրգից Բալի մեկնած Անաստասիան մասնագիտությամբ քիթ-կոկորդ-ականջաբան էր։ Ըստ նրա ընկերների և գործընկերների՝ նոյեմբերի 18-ին նա տեղական խանութից ձեռք է բերել Anggur Merah տեսակի գինի։ Հաջորդ գիշերը նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։
Բժշկական օգնություն ստանալու ընթացքում կնոջ սիրտը մի քանի անգամ կանգ է առել։ Նրան տեղափոխել են Ari Canti կլինիկայի վերակենդանացման բաժանմունք, միացրել արհեստական շնչառության սարքին, իսկ հաջորդ օրը սկսել հեմոդիալիզի ընթացակարգը։ Սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Անաստասիան մահացել է նոյեմբերի 24-ին։
Մկրտչյանի խոսքով՝ Բալիում ներմուծվող ալկոհոլի բարձր մաքսատուրքերի պատճառով տեղական արտադրության էժան խմիչքները լայն տարածում ունեն։ Նրա պնդմամբ՝ անբարեխիղճ արտադրողները երբեմն ալկոհոլը նոսրացնում են արդյունաբերական մեթանոլով՝ այն վաճառելով որպես սովորական խմիչք։
«Տուրիստները ալկոհոլ են գնում բառացիորեն 300-400 ռուբլով։ Իհարկե, այնտեղ շատ անբարեխիղճ մարդիկ կան, որոնք ալկոհոլը նոսրացնում են արդյունաբերական մեթանոլով և վաճառում որպես լավ ապրանք»,- նշել է նա։
Մասնագետը նաև զգուշացրել է, որ վտանգավոր նյութ կարող է հայտնվել ոչ միայն գինու, այլև բարերում մատուցվող կոկտեյլների մեջ։
Սակայն Անաստասիայի մահվան իրական պատճառը դեռևս վերջնականապես հաստատված չէ։ Նրա մայրը կասկածի տակ է դրել ալկոհոլային թունավորման վարկածը՝ նշելով, որ դստեր ինքնազգացողությունը վատացել էր դեռևս դեպքից մի քանի օր առաջ։ Կնոջ խոսքով՝ հնարավոր է՝ Անաստասիային որևէ թունավոր միջատ կամ կենդանի է խայթել։ Մահացածի ընկերը նույնպես հայտնել է, որ կոնկրետ թունավոր նյութը պարզել չի հաջողվել։
Past.am-ը նշում է, որ սա 2026 թվականին Բալիում ռուս զբոսաշրջիկների հետ կապված առաջին նմանատիպ դեպքը չէ։ Հունիսին տեղական գինի օգտագործելուց հետո մեթանոլով թունավորման կասկածանքով մահացել էր նաև 50-ամյա ռուսաստանցի Աննան։ Նա 22 օր կոմայի մեջ էր մնացել, սակայն այդպես էլ գիտակցության չէր եկել։
Անաստասիայի մահվան հանգամանքները շարունակում են մնալ հարցերի առարկա, իսկ դեպքը կրկին ուշադրություն է հրավիրել Բալիում տեղական ալկոհոլային խմիչքների անվտանգության խնդրին։



