Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով
POLITICSՌուսաստանի և Ուկրաինայի հատուկ ծառայություններն այժմ աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ։ Գործընթացը կարող է ավարտվել մոտ ժամանակներս, ինչից հետո տեղի կունենա փոխանակումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա չի հստակեցրել, թե քանի մարդ կարող է ընդգրկվել փոխանակման ցուցակում և երբ այն կարող է տեղի ունենալ։
«Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների վերջին փուլի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հատուկ ծառայություններն այժմ միջնորդների և երկու երկրների օմբուդսմենների մասնակցությամբ աշխատում են ցուցակների ճշգրտման ուղղությամբ։ Հուսով ենք, որ այդ աշխատանքը շուտով կավարտվի։ Դրանից հետո հնարավոր կլինի իրականացնել իսկապես մեծ փոխանակում։ Առայժմ կխուսափեմ այլ մանրամասներ ներկայացնելուց», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ավելի վաղ թեմային անդրադարձել էր նաև ուկրաինական հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները՝ հայտնելով, որ փոխանակումը տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում։



