5 տարեկան երեխա է մահացել. պատճառը սովամահությունն է եղել. ընտանիքում 12 երեխա էին
SOCIETYՌուսաստանի Վոլոգդա քաղաքում բազմազավակ ընտանիքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո հիվանդանոց են տեղափոխվել 10 երեխա։ Հինգ տարեկան աղջիկը մահացել է ծայրահեղ հյուծվածության հետևանքով, իսկ նրա յոթամյա եղբայրը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ծանր վիճակում։
Ռուսական լրատվամիջոցների և քննչական մարմինների հաղորդմամբ՝ ընտանիքում մեծանում էր 12 երեխա, որոնցից 11-ը անչափահաս էին։ Նոյեմբերի 25-ին հինգ տարեկան աղջիկը մահացել է թերսնման հետևանքով։ Նրա եղբայրը ևս ծանր հյուծված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Մյուս տասը երեխաները նույնպես բժշկական հաստատությունում են, նրանց նշանակվել է բուժում և բժշկական հսկողություն։
Ընտանիքն արդեն 2024 թվականից հաշվառված է եղել անչափահասների հարցերով զբաղվող մարմիններում՝ սոցիալապես վտանգավոր իրավիճակում հայտնված լինելու պատճառով։ Պաշտոնական տվյալներով՝ ընտանիքում արձանագրվել են հակասանիտարական պայմաններ, երեխաների՝ դպրոցներից և մանկապարտեզներից բացակայություններ, ինչպես նաև բժշկական հաստատություններ չայցելելու դեպքեր։
Չնայած ընտանիքը գտնվել է համապատասխան ծառայությունների ուշադրության կենտրոնում, ըստ քննության նախնական տվյալների՝ երեխաների իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ միջոցները ժամանակին չեն ձեռնարկվել։
Դեպքի առնչությամբ հարուցվել է երկու քրեական գործ՝ անչափահասի սպանության և անչափահասների անտեսման ու իրավախախտումների կանխարգելման համակարգի պաշտոնատար անձանց կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով։
Նոյեմբերի 26-ին երեխաների ծնողները ձերբակալվել և հարցաքննվել են։ Հետաքննության շրջանակում կատարվում են նաև քննչական գործողություններ, նշանակվել են դատափորձագիտական փորձաքննություններ։ Ստուգվում է նաև Վոլոգդայի քաղաքային վարչակազմի համապատասխան պաշտոնյաների գործողությունների օրինականությունն ու ժամանակին արձագանքելու հարցը։
Ներկայումս քննարկվում է երեխաներին ընտանիքից հեռացնելու և մասնագիտացված հաստատություններում տեղավորելու հարցը։ Իրավասու մարմինները նաև պարզում են՝ արդյոք կան հարազատներ, որոնք կարող են ստանձնել երեխաների խնամքը։
Past.am-ը հետևում է Ռուսաստանում տեղի ունեցած ողբերգական դեպքի քննությանը, որի շրջանակում ուշադրության կենտրոնում է ոչ միայն ծնողների, այլև երեխաների պաշտպանության համար պատասխանատու կառույցների հնարավոր անգործությունը։



