Կենսաթոշակառուն կարող է բնակարանը գրավադրել և դրա դիմաց ամսական գումար ստանալ․ հունվարի 1-ից՝ նոր կանոններ
SOCIETY2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ կմտնի նոր կարգ, որով կենսաթոշակային տարիքի հասած և անշարժ գույք ունեցող քաղաքացիները կկարողանան իրենց բնակարանը կամ տունը գրավադրել բանկում կամ վարկային կազմակերպությունում և դրա դիմաց պարբերական ամսական վճարումներ ստանալ։
Խոսքը հետադարձ հիփոթեքի մեխանիզմի մասին է, որը հնարավորություն կտա տարեց քաղաքացիներին սեփական անշարժ գույքի արժեքը վերածել լրացուցիչ եկամտի աղբյուրի՝ առանց բնակարանը վաճառելու և այն լքելու անհրաժեշտության։
Past.am-ի տվյալներով՝ օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ քաղաքացին պայմանագիր կկնքի բանկի, վարկային կազմակերպության կամ օրենքով նախատեսված այլ սուբյեկտի հետ։ Գույքի գրավադրման դիմաց նա կստանա պայմանագրով սահմանված պարբերական վճարումներ։ Ընդ որում՝ պայմանագրի գործողության ընթացքում սեփականության իրավունքը կմնա քաղաքացուն, և նա կպահպանի իր բնակարանում ապրելու իրավունքը։
Այսինքն՝ կենսաթոշակառուն ստիպված չի լինի տեղափոխվել այլ բնակարան կամ ամեն ամիս վարկ մարել։ Ստացված գումարը կարող է դառնալ կենսաթոշակին լրացնող լրացուցիչ եկամուտ։
Ի՞նչ կլինի բնակարանի հետ սեփականատիրոջ մահից հետո
Նոր կարգի կարևորագույն դրույթներից մեկն այն է, թե ինչ ճակատագիր կունենա գրավադրված անշարժ գույքը սեփականատիրոջ մահից հետո։
Այս դեպքում ժառանգներին հնարավորություն կտրվի վեց ամսվա ընթացքում դիմել բանկին և մարել մահացած քաղաքացու ստանձնած պարտավորությունները՝ գույքը պահպանելու համար։
Եթե ժառանգները չցանկանան կամ չկարողանան մարել պարտավորությունները, պայմանագրով նախատեսված կարգով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է փոխանցվել բանկին կամ համապատասխան կազմակերպությանը, որն այնուհետև կարող է վաճառել անշարժ գույքը։
Միևնույն ժամանակ, եթե գույքի վաճառքից ստացված գումարը գերազանցի բանկի կողմից քաղաքացուն վճարված գումարն ու կուտակված պարտավորությունները, տարբերությունը կփոխանցվի ժառանգներին։
Ի՞նչ երաշխիքներ են նախատեսված կենսաթոշակառուների համար
Հետադարձ հիփոթեքի համակարգի ներդրման շրջանակում նախատեսվել են նաև մի շարք պաշտպանական մեխանիզմներ։
Մասնավորապես՝
-
Տարեկան տոկոսադրույքը չի կարող գերազանցել տվյալ ժամանակահատվածում հիփոթեքային վարկերի համար սահմանված նվազագույն տարեկան տոկոսադրույքը։
-
Գույքը պետք է ապահովագրված լինի։
-
Պետք է կատարվեն գույքի հարկային պարտավորությունները և ապահովվի դրա պատշաճ պահպանումը։
-
Քաղաքացու և նրա ժառանգների պարտավորությունները չեն կարող գերազանցել գույքի վաճառքից ստացված գումարը։
-
Պայմանագիր կնքելուց առաջ նախատեսվում է պարտադիր խորհրդատվություն՝ հնարավոր ֆինանսական և իրավական ռիսկերը պարզաբանելու նպատակով։
Այսպիսով, նոր մեխանիզմը հնարավորություն կտա սեփական բնակարան կամ տուն ունեցող կենսաթոշակառուներին իրենց անշարժ գույքի հաշվին լրացուցիչ եկամուտ ստանալ՝ միաժամանակ պահպանելով այնտեղ ապրելու իրավունքը։
Թե ինչ պայմաններ կառաջարկեն բանկերն ու վարկային կազմակերպությունները, որքան գումար հնարավոր կլինի ստանալ յուրաքանչյուր գույքի դիմաց և ինչ ժամկետներով կկնքվեն պայմանագրերը, կախված կլինի ֆինանսական կազմակերպությունների առաջարկներից ու կոնկրետ գույքի գնահատումից։
Past.am-ը հետևելու է նոր կարգի կիրառմանը և քաղաքացիների համար դրա գործնական հնարավորություններին։



