Վիշապաքարերը հայտնի են միայն Հայկական լեռնաշխարհում, դրանք ստեղծվել են՝ գիտակցաբար ներդնելով հսկայական ռեսուրսներ
CULTUREՎիշապաքարերը հայտնի են միայն Հայկական լեռնաշխարհում, իսկ դրանցից որոշների բարձրությունը հասնում է մինչև 5,5 մետրի։ Այս մասին ԳԱԱ-ում «Վիշապաքարեր. պատմական ուղերձը» թեմայով բանախոսության ժամանակ ասել է աստղաֆիզիկոս, պրոֆ. Վահագն Գուրզադյանը և ՀԱԻ տնօրեն, պ.գ.դ. Արսեն Բոբոխյանը՝ խոսելով վիշապաքարերի ուսումնասիրությանն ու դրանց պատմության մասին։
Վիշապաքարերը հիմնականում պատրաստված են բազալտից և հանդիպում են ծովի մակերևույթից 1200–3200 մետր բարձրության վրա։ Հայաստանում դրանք հիմնականում տարածված են Արագածի լանջերին, Գեղամա, Վարդենիսի և Սյունիքի լեռներում, ինչպես նաև Ջավախքում և Վանի տարածքում։ Բանախոսը նշեց, որ այս հուշարձանների ուսումնասիրությամբ դեռևս 20-րդ դարասկզբին զբաղվել են Աշխարհբեկ Քալանթարը, Ատրպետը և այլ գիտնականներ։ Սակայն ներկայումս հայտնաբերվել են ավելի մեծ թվով նմանատիպ հուշարձաններ։
Արսեն Բոբոխյանն անդրադարձել է նաև Տիրինկատարում հայտնաբերված 12 վիշապաքարերի պատմությանը և տեսակներին։ Նա տեղեկացրել է, որ 2026 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Տիրինկատարի տարածքում իրականացվել են ուսումնասիրություններ և պեղումներ, մասնավորապես՝ «12 բանդերի» ջրաբաշխական համակարգում։ Արդյունքում՝ 4-րդ ջրանցքի մի հատվածում բացվել է մոտ 50 մետր երկարությամբ և 3–4 մետր բարձրությամբ ակվեդուկ-ջրանցույց, որը կառուցվել է դեռևս երկաթի դարում։ Նշված ջրանցքներով Ամբերդ գետի ջուրը մինչև 20-րդ դարի 60-ական թվականները հասել է Արարատյան դաշտավայր։ Ա. Բոբոխյանը հիշեցրել է նաև, որ երկու տարի առաջ վիշապաքարերն ու Տիրինկատարի մշակութային լանդշաֆտն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում, և այժմ աշխատանքներ են ընթանում դրանք Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ներառելու ուղղությամբ։
Աստղաֆիզիկոս, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը ներկայացրել է 115 վիշապաքարերի չափերի և ծովի մակերևույթից դրանց գտնվելու բարձրությունների վիճակագրական վերլուծությունը։ Ըստ պրոֆեսորի՝ այս հուշարձանները ստեղծվել են՝ գիտակցաբար ներդնելով հսկայական ռեսուրսներ։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ ավելի բարձր դիրքերում գտնվող վիշապաքարերն ունեն ավելի մեծ չափեր։ Այսինքն՝ դրանք ստեղծողները ապրել են ոչ թե պարզ ցեղային, այլ կազմակերպված հասարակությունում, որն ունակ էր բարձր լեռներում կառուցելու և սպասարկելու հովիտները սնուցող բարդ ջրաբաշխական համակարգեր, ինչպես նաև կանգնեցնելու նմանատիպ կոթողներ։
ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից հայտնում են, որ վիշապաքարերի ուսումնասիրության արդյունքներն արտացոլվել են նաև միջազգային գիտական հարթակում։ Վերջերս «Nature» հրատարակչության հեղինակավոր Scientific Reports ամսագրում հրապարակվել են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պ. գ. դ. Արսեն Բոբոխյանի և հայտնի աստղաֆիզիկոս, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի հոդվածները՝ նվիրված Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի ուսումնասիրությանը։



