Իրանում լռության օր է խորհրդարանական ընտրություններից առաջ
INTERNATIONAL NEWSԻրանում լռության օր է մեջլիսի (խորհրդարանի) ընտրություններից առաջ, որոնք նշանակված են փետրվարի 26-ին: Նախընտրական քարոզչությունն արգելված է փետրվարի 24-ի տեղական ժամանակով ժամը 20:00-ից:
Փետրվարի 18-ին ընտրարշավի սկսվելու պահից Իրանի օրենսդիր մարմնի պատգամավորների հավակնորդների թիվը 6229-ից կրճատվել է մինչեւ 5550:
Իրանի քաղաքացիները պետք է մեջլիսի 290 պատգամավորներ ընտրեն չորս տարի ժամկետով: Միաժամանակ ուղղակի քվեարկության ճանապարհով 161 հավակնորդներից 88 աստվածաբաններ ու շարիաթի գիտակներ են ընտրվելու Փորձագետների խորհրդում՝ ութ տարի ժամկետով: Ձայնի իրավունք ունեն շուրջ 55 մլն իրանցիներ: Երկրում ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու են 250 հազար ոստիկաններ:
Ընտրություններում հիմնական պայքարը կծավալվի երկու ուժերի միջեւ. մեկը՝ չափավոր եւ բարեփոխումների կողմնակից քաղաքական գործիչների ու կուսակցությունների կոալիցիան Է, մյուսը՝ պահպանողականների միասնական կոալիցիան, որոնք հանդես են գալիս հօգուտ իսլամի սկզբունքների խստիվ կատարման: Կոալիցիաներից յուրաքանչյուրն ընտրություններում հանդես է գալիս իր միասնական ցուցակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



