Սիրիացի ընդդիմադիրները համաձայնել են երկշաբաթյա հրադադարի
INTERNATIONAL NEWSՍիրիայի ընդդիմադիր ուժերը հայտարարել են հրադադարի ռեժիմը երկու շաբաթվա ընթացքում պահպանելու պատրաստակամության մասին: Այդ մասին հաղորդել է Al Arabiya-ն՝ հղում անելով ընդդիմադիր Բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեի հայտարարությանը:
«Կոմիտեն գտնում է, որ երկու շաբաթ ժամկետով նախնական զինադադարը կապահովի հրադադարին մյուս կողմի պատրաստակամությունը պարզելու հնարավորությունը»,- ասված է փաստաթղթում:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից մշակված հրադադարի պլանը կատարելու իրենց պատրաստակամության մասին արդեն հայտարարել է նաեւ Սիրիայում գործող քրդական աշխարհազորը՝ ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները, որը «Դեմոկրատական միության» մարտական թեւն է:
Փետրվարի 22-ի երեկոյան ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասված է, որ Սիրիայում հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի Դամասկոսի ժամանակով փետրվարի 27-ի 00:00 ժամից: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ զինադադարի պայմանները տարածվում են հակամարտության բոլոր կողմերի վրա, բացառությամբ «Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների, ինչպես նաեւ ահաբեկչական այլ կազմակերպությունների, որոնք այդպիսիք են ճանաչված Անվտանգության խորհրդի կողմից:



