ԱՄՆ-ում ոստիկանության կողմից խեղված երեխայի ծնողները 3,6 մլն դոլար կստանան
INTERNATIONAL NEWSԱմերիկյան Ջորջիա նահանգում երեխայի ծնողները, որը 2 տարի առաջ ծանր վիրավորվել էր ոստիկանության շուրջկալի ժամանակ, 3,6 մլն դոլարի փոխհատուցում կստանան: Համապատասխան հաշտության պայմանագիրը հաստատել է Աթլանթա քաղաքի դաշնային դատարանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մասնավորապես, Ռաբուն եւ Սթիվեն շրջանների իշխանությունները համաձայնել են 1,65 մլն դոլար վճարել, Հաբերշեմի շրջանը՝ եւս 964 հազար դոլար, իսկ Քորնելիա քաղաքը՝ մեկ մլն դոլար: «Հաշտությունը չի փոխի տեղի ունեցածը, բայց մենք հույս ունենք, որ այն կօգնի ընտանիքին մոռանալ ողբերգության մասին եւ առաջ ընթանալ»,-ասել է տուժող կողմի փաստաբանը:
Նշենք, որ 2014 թվականին ոստիկանության ջոկատը շուրջկալ է իրականացրել 19-ամսական երեխայի մայր Ալիսիա Ֆոնսավանի տանը: Իրավապահները ոչ հավաստի տեղեկություններ են ստացել, որ այնտեղ թմրավաճառ է թաքնվում: Գրոհից առաջ ոստիկանները լուսաձայնային նռնակ են նետել տան ներսում, որն ընկել է փոքրիկի մանեժի մեջ: Արդյունքում խեղվել է երեխայի դեմքն ու կուրծքը:



