Գաբալայի 25 բնակիչ փորձել են անցնել հայկական կողմը. ադրբեջանական լրատվամիջոցներ
INTERNATIONAL NEWSNews.am-ը գրում է .
Ադրբեջանի Գաբալայի շրջանի Քեթյուքլու գյուղի մի խումբ բնակիչներ, փետրվարի 27-ի գիշերը հասնելով Աղդամի շրջան, փորձել են անցնել հայկական կողմը: Այն պահին, երբ գյուղի 25 բնակիչները, սպիտակ դրոշները ձեռքներին, փորձել են անցնել հայկական կողմը, նրանց շրջապատել են ոստիկանները: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով գյուղի բնակիչ Ռամին Իսմայիլովին:
Նրա խոսքով՝ գյուղացիների բողոքի պատճառը Նաբիեւների ընտանիքի ցուցաբերած անարդարացի վերաբերմունքն է եղել: «Նաբիեւները զրպարտել են եւ ապօրինաբար ձերբակալել մեր երեխաներին: Հարկերի նախարար Մյուսավար Նաբիեւի խորհրդական, Բաքվի «Ազերիշիգի» ներկայացուցիչ Գարա Նաբիեւը եւ գյուղի գործադիր իշխանության ներկայացուցիչ Իքրամ Նաբիեւը ողջ շրջանն իրենց ձեռքն են վերցրել: Նրանք մեզ չեն թողնում ապրել: Գյուղացիների տներում, մեքենաներում թմրանյութեր են գցում, իսկ հետո հրամայում են կալանավորել անմեղ մարդկանց: Մենք հոգնել ենք, այդ պատճառով փորձել ենք անցնել հայկական կողմը»,- փոխանցում է նրա խոսքը Minval.az-ը:
Հաղորդվում է, որ գյուղի բոլոր 25 բնակիչներն այս պահին Աղդամի ոստիկանությունում են:Նրանք պահանջում են, որ իրենց բողոքը լսի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:
Աղդամի շրջանային ոստիկանությունից այս փաստը հաստատել են:



