Իրանի սպորտի նախարարը բարձր է գնահատել հայ համայնքի դերը երկրի մարզական կյանքում
SPORTԻրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը փետրվարի 27-ին հանդիպում է ունեցել Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Մահմուդ Գուդարզիի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, բարձր գնահատելով հայ-իր անական հարաբերությունների մակարդակը` նախարարը գոհունակությամբ նշել է, որ տարբեր ժամանակահատվածներում Հայաստանից մի շարք մարզիկներ և մարզիչներ են այցելում Իրան և հանդես գալիս իրանական մարզական, մասնավորապես, ֆուտբոլային ակումբներում: Նախարար Գուդարզին բարձր է գնահատել նաև Իրանի հայ համայնքի դերը երկրի մարզական կյանքում` ընդգծելով, որ համայնքային կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումները մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում:
ԻԻՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը տեղեկացրել է, որ Իրանում գործում են մի շարք մարզական ուսումնական հաստատություններ և պատրաստակամություն է հայտնել Հայաստանի համապատասխան ուսումնական հաստատություններից ուսանողներ ընդունել և նրանց համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպել:
Դեսպան Թումանյանը, իր հերթին, կարևորել է Հայաստանի և Իրանի մարզական աշխարհի ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների կազմակերպումը երկու երկրների միջև համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով: