ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը ամերիկացիներին կոչ է արել չմեկնել Թուրքիա
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի իշխանություններն ամերիկացիներին զգուշացրել են Թուրքիա այցելության վտանգավորության մաին:
Այս մասին, հայտնում է NTV.ru-ն:
«Պետքարտուղարությունն ամերիակացի քաղաքացիներին կոչ է անում խուսափել Թուրքիա այցելություններից: Միջազգային եւ տեղական խմբավորումների կողմից իրագործված վերջին ահաբեկչական գործողությունների եւ սպառնալիքի մակարդակի աճի հետ կապված ԱՄՆ-ի հպատակները պետք է խիստ զգույշ լինեն Թուրքիայով ճանապարհորդության ժամանակ», -ասվում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հաղորդագրության մեջ:
Համառորեն խորհուրդ չի տրվում մեկնել Թուրքիայի հարավարեւելյան շրջաններ, հատկապես Սիրիայի հետ սահմանակից վայրեր: Ամերիկացիներին հանձնարարվում է «խուսափել ժողովրդի մեծ կուտակումներից, այդ թվում` զբոսաշրջային վայրերում, քաղաքական հավաքներում եւ երթերում»: Նրանք «պետք է լինեն աչալուրջ եւ զգույշ հասարակական վայրեր այցելելու ժամանակ»:
Այս հանձնարարականը Վաշինգտոնը տարածել է երկուշաբթի: Նման հանձնարարականով Վաշինգտոնը հանդես էր եկել նաեւ փետրվարին:
Թուրքիայում պարբերաբար ահաբեկչական գրոհներ են տեղի ունենում: Վերջին ահաբկեչական գործողություններից է Անկարայում փետրվարի 14-ին իրագործված ահաբեկչական պայթյունը, որին զոհ գնաց 29 մարդ, տասնյակ մարդիկ էլ տուժեցին: Մահապարտը պայթեցրել էր ավտոմեքենան զինվորականներով ավտոբուսի մոտ:



