Թուրքիայից ՌԴ արտահանման ծավալները 66 տոկոսով նվազել են
ECONOMICSԱյս տարվա հունվարին Թուրքիայից Ռուսաստանի Դաշնություն արտահանման ծավալները 66 տոկոսով նվազել են: Խիստ կրճատվել է նաեւ ՌԴ-ից զբոսաշրջությունը Թուրքիա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
«Միլիեթ» թերթը գրում է, որ 2016 թվականի հունվարին Թուրքիյաի արտահանման ծավալները, 2015 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, 22 տոկոսով նվազել են: Զգալի` 19,7 տոկոս նվազում է նկատվել նաեւ ներմուծման մեջ:
Ըստ թերթի` 2016 թվականի սկզբից, նախորդ տարվա սկզբի համեմատ, 13,4 տոկոս կորուստ է նկատվել նաեւ Թուրքիայի արտաքին առեւտրում:
2016 թվականի հունվարի Թուրքիայի արտահանման եւ ներմուծման ծավալների հարաբերակցությունը նվազել է եւ, նախորդ տարվա հունվարի համեմատ, կազմել 71,8 տոկոս (2015 թվականի այդ ցուցանիշը կազմում էր 73,8 տոկոս):
Նշվում է, որ նվազումներ են նկատվում նաեւ Ռուսաստանից Թուրքիա ներմուծման մեջ:
Ռուսաստանյան օդուժի Սու-24 ռմբակոծիչի թուրքական օդուժի կողմից խոցումից հետո զգալի վնասներ է կրում նաեւ թուրքական զբոսաշրջության ոլորտը:
CNN Turk-ի հաղորդմամբ` 2016 թվականի փետրվարին Անթալիա Ռուսաստանից մեկնել է ընդամենը 55 զբոսաշրջիկ, այն դեպքում, երբ նախորդ տարվա փետրվարին Անթալիա էր մեկնել 8037 զբոսաշրջիկ:
Թուրքիայի ամենահայտնի` Անթալիա զբոսաշրջային ափն այս տարվա հունվարին գրանցել է զբոսաշրջիկների թվի 30 տոկոսանոց անկում, իսկ փետրվարին` 39 տոկոսանոց անկում:
Անցած տարիներին Անթալիա հանգստի էր մեկնում տարեկան շուրջ 3,5 մլն ռուս զբոսաշրջիկ: