Լավրովը եւ Քերին կարեւորել են ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի զինվորականների դերը Սիրիայի հրադադարի համար
INTERNATIONAL NEWSՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում նշել են երկու երկրների զինվորականների միջեւ կոորդինացման վճռորոշ նշանակությունը Սիրիայի հրադադարի համար: Այդ մասին, հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում՝ ամփոփելով Քերիի նախաձեռնությամբ կայացած զրույցի արդյունքները:
«Ուշադրության կենտրոնում էր Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռուս-ամերիկյան նախաձեռնության եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշումների իրականացումը,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:- Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հավաստել են մեր երկրների միջեւ կոորդինացման, նախ եւ առաջ ռազմական գծով, վճռորոշ նշանակությունը հրադադարի ռեժիմի ամրապնդման համար, որը պետք է պահպանվի թե կառավարական ուժերի, թե ահաբեկիչների հետ չկապված զինված ընդդիմության խմբերի կողմից»:
Կողմերը «պաշտպանել են Ժնեւում Սիրիայի կառավարության եւ հայրենասիրական ընդդիմության միջեւ բանակցությունների վերսկսմանն ուղղված ՄԱԿ-ի ջանքերը՝ ի շահ հակամարտության քաղաքական կարգավորման»:
Լավրովը եւ Քերին «հաստատել են աջակցությունը Սիրիայի շրջափակված շրջաններ միջազգային կազմակերպությունների հումանիտար մուտքի խնդիրների լուծումը դյուրացնելուն», հաղորդել է ՏԱՍՍ-ը:



