Կրակեմ Հրաչի որդին ու հարսը մեծ ունեցվածքի տեր են
ECONOMICSԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է Դավիթ Հարությունյանի՝ Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հարությունյանը հայտարարագրել է երկու բնակարան, երկու առանձնատուն, երկու ավտոտնակ եւ բազմաբնակարան շենքում մեկ ոչ բնակելի տարածք: Նրան է պատկանում MITSUBISHI PAJERO 3.8 մակնիշի մեկ ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 12 միլիոն դրամ եւ 190 հազար ամերիկյան դոլար: Այս տարվա հունվարի մեկից փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում Դավիթ Հարությունյանի եկամուտը կազմել է 500 հազար 511 դրամ:
Նրա կինը՝ Մանթաշյան Ռուզաննան, 2014-ի իր հայտարարագրում նշել է 15 միլիոն դրամի եւ 457 հազար ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցներ:
Նշենք, որ Հարությունյանը նախկինում զբաղեցրել է Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը: Մինչ այդ էլ աշխատել է որպես հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ:
Հիշեցնենք նաեւ, որ Դավիթ Հարությունյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին առաջին տեղակալի` Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) որդին է:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան