Արարատի մարզի գյուղացիական տնտեսությունները նախապատրաստվում են գարնանացանին
ECONOMICSԳարնան գյուղատնտեսական աշխատանքները ժամանակին, կազմակերպված եւ առանց խոչընդոտների սկսելու, ինչպես նաեւ հողագործներին օգնելու, նրանց հոգսը թեթեւացնելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ այս տարի գյուղացիներին դարձյալ շուկայականից ցածր գներով կտրամադրվի պարարտանյութ, դիզվառելիք եւ սերմացու:
Ծրագրի շրջանակում այս տարի Արարատի մարզին տրամադրվել է 3840 տ ազոտական, 132 տ կալյումական, 151 տ ֆոսֆորական պարարտանյութ, 320 տ դիզելային վառելիք, 4 տ 256 կգ առվույտի սերմ, 61 տ գարու սերմացու: Արդեն սկսվել են ներկրման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, արդեն մարզ է ներկրվել է 800 տոննա պարարտանյութ: Ազոտական պարարտանյութի մեկ պարկն արժե 6000 դրամ (50 կգ), ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութի մեկ պարկը` 7000-ական դրամ (50կգ), դիզելային վառելանյութի մեկ լիտրը` 280 դրամ, առվույտի սերմի 1 կգ-ը` 1500 դրամ, գարու սերմացուի 1 կգ-ը` 130 դրամ:
Պարարտանյութն ու սերմացուն համայնքապետերի կողմից նախօրոք ներկայացված հայտերի հիման վրա կբաժանվի գյուղացիներին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն ասաց, որ այս տարի դիզվռելիքն անցած տարվա համեմատ 70 դրամով էժան է: Նա ընդգծեց նաեւ, որ վերջին մի քանի տարիներին հողագործին օգնելու նպատակով ՀՀ կառավարության իրականացրած այս ծրագիրը հանրապետությունում ծառա յեց մի մեծ նպատակի. շուկայում պարարտանյութերի գները կտրուկ իջան: «Եթե նախկինում գարնանն ու աշնանը գներն անհամեմատ աճում էին, նույնիսկ հասնելով կրկնակի արժեքի, ապա այսօր արդեն ծրագիրը հնարավորություն տվեց շուկայում հստակեցնել գնային քաղաքականությունը»,-ասաց Տերտերյանը:
Գյուղացիները մարզի գրեթե բոլոր համայնքներում արդեն սկսել են հողի մշակման աշխատանքները. սկսվել է այգէտը, որին կհետեւեն նաեւ պտղատու ծառերի մշակման եւ էտման աշխատանքները:
Լիլիթ Մաճկալյան