Եվգենի Պլյուշչենկոն պատրաստ է աջակցել Հայաստանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մարզադպրոցի զարգացմանը
SPORTԱշխարհահռչակ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն պատրաստ է աջակցել Հայաստանում Իրինա Ռոդնինայի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցի զարգացմանը: Այս մասին մարտի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ճանաչված գեղասահորդը:
«Հայաստանում նոր հարթակ է բացվել, ինչը հրաշալի է: Վստահ եմ, որ մեծ թվով երեխաներ կգան մարզվելու: Ես գիտեմ, որ 100 երեխաներից ավելի պարապում են: Իմ կողմից բազմիցս ասել եմ, որ պատրաստ եմ օգնել, բերել մարզիկների, կազմակերպել վարպետության դասեր, սեմինարներ, հավաքներ: Մենք պատրաստ ենք: Կարծում եմ, որ այս նոր հարթակի շնորհիվ մոտ ապագայում մարզիկներ կունենաք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց Եվգենի Պլյուշչենկոն`նշելով, որ Հայաստանում մարզվելու համար քիչ սահադաշտեր կան:
Գեղասահքի և տափօղակով հոկեյի սիրահարներն այսուհետ հնարավորություն ունեն մարզվել բարձրակարգ մարզադպրոցում: Երևանում 2015 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել Իրինա Ռոդնինայի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցի բացման արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: