Անկարայի կենտրոնում համաժողով է տեղի ունեցել ի պաշտպանություն «խալիֆայության»
INTERNATIONAL NEWSԹուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենտրոնում գտնվող Աթաթուրքի անվան մարզահամալիրում խալիֆայության վերացման 92-րդ տարելիցի հետ կապված (1924 թ. մարտի 3) 5 հազար մարդու մասնակցությամբ «Խալիֆայության միջազգային համաժողով» է անցկացվել, որում հայտարարվել է, որ մոտ ժամանակում Թուրքիայում` Անատոլիայի հողերում դարձյալ խալիֆայություն կհիմնվի:
«Իսլամի թշնամի անհավատները կարծում էին, թե 1924 թվականի մարտի 3-ին թաղելով խալիֆայությունը, մուսուլմաններն այլեւս չեն վերականգնի այն: Այսօր մենք դարձյալ վերակենդանացնում ենք այն ոչ միայն Անկարայում, Ստամբուլում, այլ ամենուրեք` Անատոլիայի հողերում», -հայտարարել են համաժողովի մասնակիցները:
Վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, համաժողովի կազմակերպիչ Hizb-ut Tahrir խմբավորման պաշտոնական կայքում ասվում է, որ «Իսլամական պետությունը» մեծ հողերի տեր դառնալու համար ստեղծված ռազմական կառույց է:
Խմբավորումն իր մասին գրել է.«Hizb-ut Tahrir-ը իսլամի գաղափարախոսությամբ քաղաքական կուսակցություն է: Քաղաքականությունը մեր գործն է, իսկ իսլամը` գաղափարախոսությունը»:
Թուրքական Hizb-ut Tahrir հետադիմական եւ շարիաթական կազմակերպությունը 1000 մարդու մասնակցությամբ նման համաժողով 4 օր առաջ անցկացրել էր նաեւ Ստամբուլում:



