ԵՄ հետ վիզային ռեժիմը չեղարկելու համար Թուրքիան պետք է համապատախանի 72 չափանիշի. Օլանդ
INTERNATIONAL NEWSԱյն դեպքում, երբ Թուրքիայի իշխանամետ մամուլը ազդարարում է մինչեւ հունիսի վերջը Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ վիզային ռեժիմը չեղարկվելու մասին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ «վիզային ռեժիմի ազատականացումը կարող է տեղի ունենալ միմիայն Թուրքիայի կողմից 72 պայմանների իրագործման դեպքում»:
Վկայակոչելով Reuters-ը, այս մասին Օլանդը հայտարարել է Բրյուսելում անցկացված Թուրքիա-ԵՄ գագաթաժողովից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում:
«Թուրք քաղաքացիների Շենգենյան տարածաշրջան առանց վիզայի մուտք գործելու համար անհրաժեշտ է, որպեսզի Անկարան կատարի 72 պայման, իսկ Թուրքիայի ԵՄ անդամակցությունը դեռեւս երկար ճանապարհ է հանդիսանում», -ասել է Ֆրանսիայի նախագահը:
Այդ պայմաններից մի քանիսն են` ԵՄ հասած միգրանտներին Թուրքիայի կողմից հետ ընդունելը, անձնագրերում մատնահետքերի եւ կենսաչափական տվյալների առկայությունը, Թուրքիայի վիզային քաղաքականությունն ու օրենսդրության համապատասխանեցումը ԵՄ-ին եւ այլն, որոնք, ամենայն հավանականությամբ, թուրքական կողմը չի կարող կատարել մինչեւ հունիսի 1-ը, ինչպես այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:



