Նավթի համաշխարհային գները գերազանցել են 40 դոլարի սահմանագիծը
ECONOMICSՆավթի համաշխարհային գները մարտի 7-ից սկսած գերազանցել են մեկ բարելի դիմաց 40 դոլար հոգեբանական նիշը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Bloomberg-ը, միջազգային բորսաներում նավթի գներն աճում են ԱՄՆ-ում հորատման կայանքների՝ վերջին 6 տարում նվազագույն քանակի հասցնելու տվյալների ֆոնին: Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը 2015 թ, դեկտեմբերի 10-ից ի վեր առաջին անգամ հասել է 40.77 դոլարի:
«Ներդրողներն ու վաճառողները անհամբերությամբ էին սպասում նավթային մրցավազքի իրենց հնարավորությանը»,- ասված է Barclays վերլուծական ընկերության տեղեկագրում:
Baker Hughes նավթագազային ընկերության տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում գործող հորատման կայանքների թիվը անցած շաբաթ կրճատվել է 8-ով՝ հասնելով 2009 թ. հետո գրանցված նվազագույն 392 հատի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը ICE Futures լոնդոնյան բորսայում նվազել էր մինչեւ բարելի դիմաց $39,67՝ թարմացնելով 2009թ-ի փետրվարի նվազագույնը: Նախքան այդ՝ 2014 թ. ամռան սկզբից մինչև 2015 թ. վերջն ընկած ժամանակահատվածում. նավթի համաշխարհային գները նվազեցին ավելի քան երեք անգամ՝ Brent մակնիշի նավթի մեկ բարելի դիմաց 115$-ից հասնելով 36$-ի: 2016 թ. գները շարունակեցին նվազել՝ հատելով 30 դոլարի սահմանագիծը: Ընդհանուր առմամբ, գների նման անկումը բացատրվում է աշխարհում նավթի պահանջարկի անկման պայմաններում (զգալի չափով Չինաստանում) արդյունահաման ծավալների բարձր մակարդակով: Մասնագետների կարծիքով գների զգալի անկումը պայմանավորված է նաև ֆինանսական գործոններով՝ ներառյալ ԱՄՆ դոլարի ամրապնդումը: