Թուրքիայում իշխանությունները շարունակում են «գյուլենականների»դեմ գործողությունները
INTERNATIONAL NEWSԹուրքիայի ոստիկանությունը Այնթապում գտնվող Naksan Holding ընկերության շենքում այդ երկրում արգելված արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի շարժմանը (զուգահեռ կառույց) ֆինանսավորելու կասկածանքով խուզարկություններ է սկսել, որի ժամանակ 9 մարդ ձերբակալվել է: Naksan Holding-ում 7 հազար մարդ է աշխատում:
Այս մասին, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Naksan Holding ընկերությունը հիմնադրվել է 1940 թվականին եւ զբաղվում է պոլիէթիլենի արտադրությամբ:
Անցյալ տարի Թուրքիայի ոստիկանությունը խուզարկություն էր անցկացրել այդ երկրում խոշորագույն Koza Ipek Holding հրատարակչական ընկերությունում, որի ղեկավարությունը մեղադրվում էր Գյուլենի շարժման հետ կապեր ունենալու մեջ:
Այս տարվա մարտի 1-ին դատարանի վճռով Թուրքիայում փակվել են Koza Ipek Holdiing-ի մեջ մտնող KanaltՖrk, BugՖn TV հեռուստաալիքները, BugՖn Gazetesi, Millet Gazetesi թերթերը եւ KanaltՖrk Radyo-ն:
Մարտի 4-ին թուրքական իշխանությունների հանձնարարությամբ և Ստամբուլի դատարանի որոշումով ժամանակավոր խնամակալ է նշանակվել իշխանությունների հասցեին քննադատություններով հայտնի թուրքական Zaman թերթի եւ Cihan լրատվական գործակալության համար, որոնց եւս իշխանությունները կասկածում են «գյուլենականներիե հետ կապեր ունենալու մեջ:
75-ամյա Ֆաթուլլահ Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի մերձավոր կողմնակիցը եւ Թուրքիայի ներկայիս նախագահին օգնել է իշխանության գալ: Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի եւ բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի եւ կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար: Էրդողանը հայտարարել էր, որ դ րա հետեւում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած ավելի քան 1000 փաստաբաններ, դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներ:
«Հիզմեթ Հարեքեթիե ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն:
Այժմ Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը, որտեղ նա բնակվում է 1998 թվականից: Գյուլենն, իր հերթին, դարձել է Էրդողանի առավել նշանակալից քննադատներից մեկը:



