Էրդողանը Պորոշենկոյի հետ հանդիպմանը հակառուսական հայտարարություններ է արել
INTERNATIONAL NEWSՊաշտոնական Անկարան ռուս-թուրքական հարաբերությունների լարման ֆոնին սկսել է միջամտել ռուս-ուկրաինական հակամարտությանը: Անկարայում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպմանն ու դրան հաջորդած ճեպազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե «Թուրքիան չի ճանաչել և չի պատրաստվում ճանաչել Ղրիմի անօրինական բռնակցումը»: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: «Ռուսաստանը Ղրիմում ոտնահարել է միջազգային իրավունքը»,- ասել է Էրդողանը:
Անդրադառնալով Սիրիայում ռուսական կողմի գործողություններին՝ Թուրքիայի նախագահը փաստել է, որ պաշտոնական Կրեմլն իր գործողություններն այստեղ մեկնաբանում է այն փաստով, որ իրենց այստեղ հրավիրել են սիրիական իշխանությունները: «Դուք պարտավո՞ր եք մտնել ամեն տեղ, որտեղ Ձեզ կհրավիրեն: Շուրջ 500 հազար մարդու սպանած անձի հրավերն ընդունում եք: Նման սխալ չի կարող լինել, ողջ միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի Սիրիայում Ռուսաստանի գործողություններին ու համապատասխան քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ: Որտեղի՞ց է Ռուսաստանն իր ուժը ստանում: Նախ՝ զենքից, և երկրորդը՝ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի մշտական անդամ լինելու փաստից»,- ասել է Էրդողանը:



