Ադրբեջանի ԱԱՆ պաշտոնանկ ղեկավարի չձերբակալվելու գաղտնիքը
INTERNATIONAL NEWSԱդրբեջանում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Ազգային անվտանգության պաշտոնանկ նախարար Էլդար Մահմուդովի դեռեւս չձերբակալվելը բոլորովին կապված չէ ինչ-որ ուժերի կողմից նրա հովանավորվելու կամ դրա համար լուրջ հիմնավորումներ չլինելու հետ:
«Ազադլըգ» թերթի վստահելի աղբյուրն այդ առնչությամբ նշում է, որ Մահմուդովին ձերբակալելու համար հիմնավորումները բավականին շատ կան:
«Եթե նա հովանավորներ ունենար, ապա նրանք նախկին նախարարին վաղուց երկրից դուրս բերած կլինեին: Նա, փաստորեն, գտնվում է մեկուսացված վիճակում: Նրան այժմ թույլ չեն տալիս շփվել անգամ իր ազգականների հետ: Նրան նույնիսկ արգելվել է օգտվել իր բջջային հեռախոսից», -հայտնել է աղբյուրը:
Աղբյուրի խոսքով` Էլդար Մահմուդովի չձերբակալվելը կապված է նրա եւ նրա ղեկավարած ցանցի կողմից արտասահման ինչ-որ տեղեկություններ, փաստեր փոխանցելու կասկածների հետ:
«Իշխանությունները զգուշանում են, որ Էլդար Մահմուդովին ձերբակալելու դեպքում, հնարավոր է` ինչ-որ տեղեկություններ հրապարակվեն: Այդ պատճառով էլ նրան մեկուսացրել են եւ լրջորեն հետազոտում են, թե ինչ փաստեր է փոխանցել նրա ցանցն արտասահման: Հետաքննությանը մասնակից դարձված ԱԱՆ աշխատակիցների հարցաքննություններում գլխավոր ուշադրությունը դարձվում է հենց այս պահի վրա», -նշել է աղբյուրը:
Ըստ աղբյուրի` Էլդար Մահմուդովի ճակատագիրը եւս կախված է լինելու այդ հետազոտությունների արդյունքից:
«Եթե ԱԱՆ շեֆի կողմից ինչ-որ փաստեր ու տեղեկություններ արտասահման փոխանցելը բացահայտվի, հնարավոր է` նրա ձերբակալությունը որոշ ժամկետով ձգձգվի: Սակայն, եթե այդ կասկածները չհաստատվեն, ԱԱՆ նախկին շեֆն էլ կկալանավորվի», -հավելել է «Ազադլըգ»-ի աղբյուրը:



