Հայկական և իրանական կողմերը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր
INTERNATIONAL NEWSԱռաջին անգամ Հայաստանի ազգային պատկերասրահը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնը և Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանը նախաձեռնել են պարսկական ժամանակակից մանրանկարչության ցուցահանդես, որտեղ այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու ավելի քան 30 վարպետների ստեղծագործություններին:Հայկական և իրանական կողմերը նպատակ ունեն խորացնել համագործակցությունը, որի վերաբերյալ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր:
«Սա պատմական պահ է. մեր մշակութային կապերը ավելի են ամրապնդվում հարևան ժողովրդի հետ: Համագործակցությունը երկար ժամանակ է ինչ սկսել ենք և այս պատկերասրահի բացմամբ էլ ավելի ենք ամրապնդում մեր մշակութային կապերը»,- ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:
Ըստ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական Մաջիդ Մեշքիի՝ և Հայաստանը, և Իրանը մեծ հնարավորություններ ունեն զարգացնելու իրենց մշակութային երկխոսությունը: Նա նշեց, որ պատրաստվում են նորանոր միջոցառումներ կազմակերպել և հույս հայտնեց, որ շատ շուտով հայ նկարիչների աշխատանքները ևս կներկայացվեն Իրանում:
«Շատ ուրախ եմ և հպարտ, որ գտնվում եմ Հայաստանի Հանրապետության ազգային պատկերասրահում: Մեծ պատիվ է ինձ համար ներկայացնել իրանցի մանրանկարիչների ստեղծագործությունները: Արվեստը յուրաքանչյուր ժողովրդի դեմքն է: Պարսկական մանրանկարչությունը երկար ու բարդ ճանապարհ է անցել մինչև այստեղ հասնելը և մեծ համբավ է վայելում: Զարգացման տարբեր ելակետերում այն կրել է Արևելքի այլ ժողովուրդների մշակութային ազդեցությունը, սակայն պահպանել է իր ավանդույթներն ու ազգային գծերը»,- ասաց Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանի տնօրեն Մաջիդ Մոլլա Õ �ոռուզին:
Մարտի 11-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Իրանական մանրանկարչություն» խորագրով ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն իրանցի ժամանակակից նկարիչների շուրջ հինգ տասնյակ աշխատանքներ: Ցուցահանդեսը կգործի մինչև 2016 թ. ապրիլի 11-ը:



