««Կենտրոն» հեռուստաընկերությունն ընդամենը մի քանի ամսվա ընթացքում վարկանիշային ցուցակում լուրջ տեղաշարժ է արձանագրել». Իվետա Տոնոյան
INTERVIEW«Այս օրերին «Կենտրոն» հեռուստաընկերությունում իրականում ոչ թե ֆինանսական խորացված ստուգումներ են իրականացվում, այլ` «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ընթացիկ ներքին աուդիտի պլանային աշխատանքներ են ընթանում, որոնք պարբերաբար իրականացվում են համակարգում գործող տարբեր ձեռնարկություններում»,- այս մասին Past.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Նշենք, որ այսօր «Չորրորդ իշխանություն» թերթը գրել էր այն մասին, թե ««Կենտրոն»-ի տնօրեն Էդգար Ավագյանը հեռուստաընկերության դիմագիծը փոխելուց բացի, զբաղված է նաև ֆինանսական մեքենայություններով, իսկ թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ «Մուլտիգրուպի» ֆինանսական խումբը հեռուստաընկերությունում ուժեղացված ստուգումներ է կատարում»:
Իվետա Տոնոյանը նշեց նաև հետևյալը. «Էդգար Ավագյանը շարունակում է աշխատել ի նպաստ «Կենտրոն» հեռուստաընկերության զարգացման: Ի դեպ, նրա աշխատանքն ակնհայտ է եղել վերջին երեք ամիսների ընթացքում, որովհետև «Կենտրոն» հեռուստաընկերությունն ընդամենը մի քանի ամսվա ընթացքում հեռուստաընկերությունների վարկանիշային ցուցակում լուրջ տեղաշարժ է արձանագրել»:
Իվետա Տոնոյանը մանրամասնեց, որ իր կողմից նշված հեռուստաընկերությունների վարկանիշային ցուցակում «Կենտրոն» հեռուստաընկերությունը բարելավել է դիրքերը և 7-րդ հորիզոնականից բարձրացել է 3-րդ հորիզոնական: