«Բանանց»-ը պարտության մատնեց «Ալաշկերտ»-ին, «Միկա»-ն Գյումրիում հաղթեց «Շիրակ»- ին
SPORTՀայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրում Երևանի «Բանանց»-ը սեփական հարկի տակ 2:0 հաշվով պարտության մատնեց Երևանի «Ալաշկերտ»-ին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, թիմերին առաջին խաղակեսն ավարտեցին 0:0 հաշվով: Երկրորդ խաղակեսի 70-րդ րոպեին Լարեսիոյի փոխանցումից հետո Զավեն Բադոյանը գրավեց «Ալաշկերտ»-ի դարպասը: Ընդամենը երեք րոպե անց «Բանանց»-ի ֆուտբոլիստները կարողացան մեծացնել իրենց առավելությունը: Կրկին Լարեսիոյի փոխանցումից հետո աչքի ընկավ Արսեն Ավետիսյանը:
Տուրի մյուս խաղում Երևանի «Միկա»-ն մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակ»-ին: Միակ գոլը հանդիպման 78-րդ րոպեին հեղինակել է Միխայել Գորելիշվիլին:
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Երևանի «Ալաշկերտ»-ը, որը 17-րդ տուրում կրած պարտությունից հետո շարունակում է ունենալ 35 միավոր: Երկրորդ հորիզանականում գտնվող Երևանի «Փյունիկ»-ն իր ակտիվում ունի 30 միավոր, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել: Երևանի «Միկա»-ն «Շիրակ»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո վաստակել է 18 միավոր և մոտեցել է «Բանանց»-ին, որը «Ալաշկերտ»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո ունի 20 միավոր: