Թուրքիայի իշխանությունները ԶԼՄ-ներին արգելել են հայտնել Անկարայում պայթյունի մասին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի ռադիոհեռուստատեսության բարձրագույն խորհուրդը ԶԼՄ-ներին արգելել է հրապարակումներ անել երեկ տեղական ժամանակով ժամը 18:45-ին Անկարայի կենտրոնում ավտոբուսի կանգառում տեղի ունեցած պայթյունի մասին, որի հետեւանքով պաշտոնական տվյալներով 34 մարդ մահացել, 125- մարդ էլ վիրավորվել են:
Այս մասին, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը` նշելով, որ որոշումն ընդունվել է «ազգային անվտանգությունն ու հասարակական կարգը լրջորեն չվնասելու» նպատակառումներով:
Պայթյունի պատճառն ականապատված ավտոմեքենան է եղել, որը պայթել է երկու ավտոբուսների միջեւ:
Թուրքիայի մայրաքաղաքում վերջին 5 ամսում սա 3-րդ ահաբեկչկան պայթյունն է: Առաջին ահաբեկչական պայթյունը տեղի էր ունեցել անցյալ տարվա հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի մոտ: Այն ժամանակ մահացել էին 109 քաղաքացիներ: Երկրորդ պայթյունն իրագործվել էր այս տարվա փետրվարի 17-ին, որը խելել էր 29 քաղաքացիների կյանք:
Անկարայի կենտրոնում ահաբեկչական գործողություն նախապատրաստվելու մասին հայտնի է եղել մի քանի օր առաջ: Մասնավորապես, Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունն իր կայքում տեղեկատվություն էր տարածել կառավարական հաստատությունների մոտ հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին:
Հետաքրքիր է, որ Անկարայում վերջին երկու ահաբեկչական գործողություններն իրագործվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Բաքու ծրագրված այցերի նախօրեին: Էրդողանը Բաքու պետք է այցելի մարտի 15-ին: Փետրվարին տեղի ունեցած պայթյունի պատճառով Էրդողանը հետաձգել էր Բաքու ծրագրված այցը:
Անկարայում վերջին պայթյունի պատասխանատվությունը դեռեւս որեւէ կազմակերպություն չի ստանձնել: Առաջին պայթյունը, ինչպես հաղորդել են թուրքական ԶԼՄ-ները, ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, իսկ երկրորդը` «Քրդստանի ազատության բազեներ» խմբավորման անդամները: Էրդողանն ավելի ուշ լրագրողներին հայտնել է, որ երկրոդ պայթյունի ժամանակ սպանվել էին 20-ից ավելի բարձրաստիճան զինվորականներ:



