Թեհրանի նահանգապետն ու Արտաշես Թումանյանը քննարկել են քաղավիացիայի ոլորտում համագործակցության հարցը
INTERNATIONAL NEWSԻրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը մարտի 12-ին հանդիպել է Թեհրանի նահանգապետ Սեյեդ Հոսեյն Հաշեմիի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպան Թումանյանը կարևորել է երկու երկրների նահանգների և մարզերի միջև կապերը և պատրաստակամություն հայտնել աջակցել Թեհրանի նահանգի հետ հարաբերությունների զարգացմանը:
Հանդիպմանը դեսպան Թումանյանն անդրադարձել է տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին և որպես օրինակ ընդգծել քաղաքացիական ավիացիայի բնագավառը: Խոսվել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և տնտեսական միշարք այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունների մասին:
Թեհրանի նահանգապետը նշել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո բարենպաստ պայմաններ են ստեղծվել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Այդ համատեքստում նահանգապետը տեղեկացրել է նաև, որ Թեհրանի «Էմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանի շրջակայքում կառուցվում են նոր ազատ տնտեսական և արդյունաբերական գոտիներ, և նշել է, որ այս նոր ազատ գոտիներն օտարերկրյա ներդրողների համար լավագույն վայր կարող են հանդիսանալ:
Նահանգապետը կարևորել է նաև զբոսաշրջության զարգացումը, մշակութային կապերի ընդլայնումը, ցուցահանդեսների կազմակերպումը և համագործակցության այլ ծրագրերի իրականացումը:



