ԱՄՆ-ի հինգ նահանգներում մեկնարկում են դեմոկրատների ու հանրապետականների փրայմերիզները
INTERNATIONAL NEWSՄարտի 15-ին նախնական ընտրություններ կկայանան ԱՄՆ-ի հինգ նահանգներում՝ Ֆլորիդայում, Իլինոյսում, Միսուրիում, Հյուսիսային Կարոլինայում եւ Օհայոյում, իսկ ԱՄՆ-ի հետ ազատ ասոցացված Հյուսիսային Մարիանյան կղզիներում Հանրապետական կուսակցության անդամները կանցկացնեն կուսակցական ակտիվի ժողովներ (կոկուսներ):
Ընտրությունների ընթացքում որոշվելու է, թե Սպիտակ տան համար պայքարի մասնակիցներից ում օգտին իրենց ձայնը կտան այդ նահանգների պատվիրակները Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների ազգային համագումարներում, որտեղ հայտարարվելու են ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական թեկնածուները նոյեմբերի 8-ի ընտրություններում:
Հանրապետական հավակնորդները՝ Դոնալդ Թրամփը, Տեխասից սենատոր Թեդ Քրուզը, Ֆլորիդայից սենատոր Մարկո Ռուբիոն եւ Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիկը այդ օրը կպայքարեն ազգային համագումարի 367 պատվիրակների ձայների, իսկ դեմոկրատ հավակնորդները՝ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Վերմոնտից սենատոր Բեռնի Սանդերսը՝ 792 պատվիրակների ձայների համար: «Այս երեքշաբթի քվեարկության արդյունքները կորոշեն նախագահական ընտրարշավի հետագա ողջ դինամիկան ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների համար»,- նշել է CNN հեռուստաընկերությունը:
Քաղաքական դիտորդների առավել մեծ ուշադրությունը գրավում է հավակնորդների պայքարը Ֆլորիդայում եւ Օհայոյում: Հիլարի Քլինթոնի եւ Բեռնի Սանդերսի համար Ֆլորիդան այն նահանգն է, որը առավել մեծ թվով՝ 246 պատվիրակներ ունի ազգային համագումարում: Վերջին հարցման տվյալների համաձայն, որը քվեարկությունից առաջ անցկացվել է Քուիննիպեկ համալսարանի հետազոտական ծառայության կողմից, Քլինթոնին աջակցում է դեմոկրատ ընտրողների 60 տոկոսը, իսկ նրա մրցակցին՝ 34 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



