ԱՄՆ դեսպանատունը Թուրքիայում իր քաղաքացիներին նախազգուշացնող հայտարարություն է արել
INTERNATIONAL NEWSԹուրքիայում ԱՄՆ դեսպանատունը Նովրուզի տոնակատարություններից առաջ նախազգուշացում է արել իր երկրի քաղաքացիների համար: Հայտարարությունը տեղադրվել է դեսպանության պաշտոնական կայքում:
Միացյալ Նահանգների դեսպանությունից հիշեցրել են, որ մարտի 17-21-ը Թուրքիայի տարբեր շրջաններում իրականացվում են տոնական միջոցառումներ, որոնք, սակայն, կարող են վերածվել բողոքի ակցիաների: Նրանք հորդորել են Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիներին այս օրերի ընթացքում խուսափել քաղաքական հավաքներից, բողոքի ակցիաներից ու հանրահավաքներից, իսկ դրանց հարակից վայրերում գտնվելու դեպքում լինել զգուշավոր:
«ԱՄՆ դեսպանատունը նաև հիշեցնում է, որ ոչ վաղ անցյալում ահաբեկչական կազմակերպությունները թիրախավորել էին տրանսպորտային միջոցները, թուրքական կառավարական շինություններն ու հասարակական վայրերը»,- ասվում է դեսպանատան հայտարարության եզրափակիչ մասում:
Մարտի 13-ին իրականացված Անկարայի վերջին ահաբեկչությունից առաջ ԱՄՆ դեսպանատունը ևս մեկ նման հայտարարություն էր արել՝ զգուշացնելով հնարավոր սպառնալիքների մասին:



