Էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցման միջոցների հարցը պարզ կդառնա երկու օրվա ընթացքում. Զախարյան
ECONOMICSԵրկու օրից հայտնի կլինի՝ կառավարությունն ինչ միջոցներով է փոխհատուցելու էլեկտրաէներգիայի սակագինը: Այս մասին «Մոսկվայի տուն» կենտրոնում տեղի ունեցած «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» խորագրով ծրագրի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Զախարյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ նշեց, որ քննարկվում է նաև «Որոտան»-ի ՀԷԿ-երի կասկադի վաճառքից ստացվող միջոցներով փոխհատուցելու տարբերակը:
«Հայկական և ռուսական կողմերը առաջիկա 2-3 օրվա ընթացքում վերջնական որոշում կկայացնեն՝ ինչ պայմաններով և տեխնիկական խնդիրներով աուդիտ պետք է իրականացվի ՀԷՑ-ում: Այժմ ճշտվում է տեխնիկական առաջադրանքը, թե ինչ խնդիրներ կդրվեն աուդիտի առջև, կուսումնասիրվի սակագնի հիմնավորվածությունը, և եթե սակագները չբարձրացվեն, ընդհանուր էներգետիկ համակարգի վրա դրա ազդեցությունը»,- ասաց Զախարյանը՝ հավելելով, որ ՀԷՑ-ում կիրականացվի նաև ընդհանուր ֆինանսական աուդիտ: