Կանադայում ՀՀ դեսպանը հանդիպել է երկրի Զինված ուժերի գլխավոր հոգևոր առաջնորդի հետ
INTERNATIONAL NEWSԿանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը մարտի 17-ին հանդիպում ունեցավ Կանադայի Զինված ուժերի գլխավոր հոգևոր առաջնորդ, գեներալ-բրիգադիր Գի Շապդելենի հետ: Հանդիպմանը հրավիրված էր նաև Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից,հանդիպմանը քննարկվեց տարբեր ոլորտներում հայ-կանադական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Կողմերն անդրադարձան հայ-կանադական արդյունավետ փոխգործակցությանը միջազգային հարթակներում, այդ թվում` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում, ինչպես նաև Հայաստանի մասնակցությանը աշխարհի տարբեր երկրներում իրականացվող խաղաղապահ առաքելություններին:
Դեսպան Եգանյանն ու Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը պարոն Շապդելենին ներկայացրին ՀՀ Զինված ուժերում գործող հոգևոր առաջնորդության ծառայությունը` մեծապես կարևորելով վերջինիս դերը զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի վրա ունեցած ազդեցության տեսանկյունից: Մտքեր փոխանակվեցին երկու երկրների զինված ուժերի հոգևոր ծառայությունների միջև համագործակցության և փորձի փոխանակման վերաբերյալ: Երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց ուսումնասիրել փոխգործակցության, այդ թվում` փոխայցելությունների հնարավորությունը:



