Մենք կարող ենք հաղթել Բելառուսին, որովհետև ուժեղ թիմ ունենք. Գեղամ Կադիմյան
SPORTՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորեկ Գեղամ Կադիմյանը ուրախ է ազգային հավաքականից հրավեր ստանալու համար: Թիմի բաց մարզումից հետո լրագրողների հետ զրույցում Կադիմյանն ընդգծեց, որ հավաքականից հրավեր ստանալու մասին խոսակցություններ նախկինում եղել են: «Հիմա արդեն եղավ այդ հրավերը, ինչի համար ես շատ ուրախ եմ: Առաջին մարզումն էլ շա տ լավ անցավ, ամեն ինչ հիանալի էր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կադիմյանը:
Անդրադառնալով իր մարզավիճակին՝ հավաքականի նորեկը նշեց, որ ամեն ինչ նորմալ է մարզավիճակի հետ: «Կարծում եմ՝ ամեն ինչ կարգին է: Ես ինձ հրաշալի եմ զգում: Ամեն ինչ լավ կլինի»,- հավելեց ֆուտբոլիստը:
Կադիմյանի կարծիքով հավաքականում նորեկների առկայության պայմաններում թիմի խաղակցվածությունը շատ հեշտ կստացվի, քանի որ հավաքված են լավ ֆուտբոլիստներ: «Կարծում եմ, որ այդ առումով էլ ամեն ինչ կարգին կլինի: Կխաղանք, ավելի շատ հաղթանակներ կլինեն»,- նշեց նա:
Հավաքականի նորեկը խոսեց նաև առաջիկա մրցակցի Բելառուսի ազգային ընտրանու մասին: Նրա խոսքով՝ Հայաստանի ազգային հավաքականը կարող է հաղթել Բելառուսին, քանի որ ուժեղ թիմ ունի:
Կադիմյանին հավաքականի ֆուտբոլիստները շատ լավ են ընդունել, իսկ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի մասին թիմի նորակն ասաց. «Գիտեք, ես նոր եմ միացել հավաքականին, շատ բան չեմ կարող ասել: Համենայնդեպս, շատ լավ մարդ է ու լավ մարզիչ»: