Հայկական ապրանքների պոտենցիալ շուկաներում կայունությունն է նպաստել արտահանման աճին. պաշտոնյա
ECONOMICSՀայաստանից արտահանվող ապրանքների պոտենցիալ շուկաներում որոշակի կայունությունն է նպաստել 2016-ի առաջին երկու ամիսներին արտահանման աճին:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը: «Մասնավորապես, այստեղ կարող եմ առանձնացնել գունավոր մետաղների գները, ճիշտ է նախորդ տարվա համեմատ դրանք դեռ ցածր են, բայց կայունություն նկատվում է: Ինչպես նաև ռուսական շուկայում կայուն վիճակ է ստեղծվել: Դրանով է պայմանավորված, որ արտահանման աճ ունենք: Կարծում եմ` այդ կայունությունը կնպաստի հետագայում ծավալների էլ ավելի մեծացմանը»,-ասաց պաշտոնյան:
Նրա կարծիքով` արտահանմանը խոչընդոտող բացասական գործոնները կանգ են առել, ինչն էլ ենթադրում է առաջիկայում նոր աճի տեմպեր:
Միևնույն ժամանակ Արմեն Եգանյանը նկատեց, որ արտաքին շուկաներում պահպանվում է գների ցածր մակարդակը, ինչը ենթադրում է հարմարվողականության որոշակի շրջան: «Նույն ռուսական շուկայում ռուբլին կայունացել է դոլարի նկատմամբ, բայց գները դեռևս այն մակարդակի չեն բարձրացել, որ ընկերությունները նախկինի նման կարողանան շահավետ աշխատել»,-նկատեց Արմեն Եգանյանը:
Մեր զրուցակցի խոսքով` այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման աճ է գրանցվել հագուստի, ծխախոտի, խմիչքի, սննդամթերքի, ինչպես նաև հանքագործական արդյունաբերության ճյուղերում: «Դա հենց խոսում է այն մասին, որ, օրինակ, խմիչքի ոլորտը, որի արտահանման գերակշիռ մասը բաժին է ընկնում ԱՊՀ երկրների շուկային, իր վրա զգացել է կայունությունը, և ընկերությունները փորձում են իրենց արտադրանքն արտահանել»,-ասաց պաշտոնյան:
Ինչ վերաբերում է վերջերս ձևավորված Արտահանման աջակցման խորհրդի գործունեությանն ու տրամադրվող օգնությանը, ապա Արմեն Եգանյանը նշեց, որ աջակցման մեխանիզմն արդեն մշակվել և հաստատվել է, իսկ արտահանող ընկերությունները ապահովագրական ընկերության միջոցով կարող են ստանալ աջակցությունը:
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի հունվար-փետրվարին 4,7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Շինարարության ծավալը կրկին աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2,1 տոկոսով:
2015թ. հունվար-փետրվարի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 9,8 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 2,5 տոկոսով:
Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2015թ. հունվար-փետրվարի համեմատ նվազել են 1,7 տոկոսով, ընդ որում` արտահանումը կտրուկ ավելացել է 23,6 տոկոսով, իսկ ներմուծումը նվազել է 12,2 տոկոսով:
Անի Նազարյան