Քերին Մոսկվա այցի ընթացքում կքննարկի Բրյուսելում կատարված ահաբեկչությունը. Պետդեպ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մարտի 23-ին Մոսկվայում սկսվող այցի ընթացքում կքննարկի Բրյուսելում կատարված ահաբեկչությունը: Այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:
«Մոսկվա ուղեւորության գլխավոր պատճառն, իհարկե, Սիրիայի իրադրությունն է: Բայց անկարելի է այդ բանավեճն անջատել Բրյուսելում տեղի ունեցածից, մանավանդ եթե պայթյունների համար պատասխանատվության վերաբերյալ «Իսլամական պետության» հայտարարությունները ճշմարիտ են»,- ասել է նա:
Պետդեպի ներկայացուցիչը նաեւ հայտնել է, թե Վաշինգտոնը չի ակնկալում, որ այդ ուղեւորության ընթացքում կվճռվի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի քաղաքական ապագան: Նա նաեւ նշել է, որ «Ռուսաստանի կողմից շարունակվող ռմբակոծումներն ուղղված են ոչ թե ընդդիմության, այլ ԻՊ-ի եւ «Ան Նուսրայի» դեմ»:
Ավելի վաղ Կրեմլը հաստատել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի միջեւ պլանավորվող հանդիպումը: «Իրոք կայանալու Է Քերիի եւ Պուտինի հանդիպումը,- հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:-Պետքարտուղարը եւ ԱԳ նախարարը նախագահին կտեղեկացնեն իրենց շփումների մասին: Եվ, հավանաբար, նախագահի հետ զրույցի ընթացքում կարծարծվի հարցերի բավականին լայն շրջանակ»:
Պեսկովը ճշտել Է, որ օրակարգում առաջին հերթին կլինեն Սիրիային եւ Ուկրաինային վերաբերող թեմաները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



