Քեմերոնը եւ Մերկելը կարեւորել են ահաբեկչությանը միասնական ճակատով դիմակայելը
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մարտի 23-ի երեկոյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում «քննարկել են Բրյուսելում կատարված սարսափելի հարձակումները եւ համաձայնել, որ կարեւոր է միասնական ճակատով հանդես գալ՝ ի նշան բելգիացիների հետ համերաշխության, որպեսզի դիմակայեն ահաբեկչական սպառնալիքին, եւ նշել են անվտանգության բնագավառում սերտ համագործակցության անհրաժեշտությունը»: Այս մասին հայտնել Է Դաունինգ-սթրիթի դիվանատունը:
Բացի այդ, երկու երկրների ղեկավարները կարծիք են հայտնել, որ անօրինական ներգաղթյալները, որոնք ներթափանցել են Հունաստան, պետք է հնարավորինս արագ վերադարձվեն Թուրքիայի տարածք:
«Նրանք քննարկել են ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ անցած շաբաթ Բրյուսելում ձեռք բերված համաձայնությունը՝ նշելով, որ դրա ամբողջական, պատշաճ եւ արագ իրագործումը հանգուցային նշանակություն կունենար: Նրանք համաձայնել են, որ ներգաղթյալների վերադարձը պետք է կատարվի արագ, եւ որ Թուրքիայի համար կարեւոր կլիներ շարունակել ջանքեր գործադրել, որպեսզի նախ եւ առաջ միգրանտներին թույլ չտրվի հասնել Հունաստանի ափեր»,- ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ, փոխանցել է ՏԱՍՍ-ը:



