Հայաստանում միջազգային հանրությունից ակնկալում են հետևողական և վճռական լինել հրադադարը խախտող Ադրբեջանի նկատմամբ
INTERNATIONAL NEWSՀայաստանում միջազգային հանրությունից ակնկալում են հետևողական և վճռական լինել միջազգային կառույցների կոչերն արհամարհող, հրադադարի ռեժիմը մշտապես կոպտորեն խախտող, ագրեսիվ ու ռազմատենչ հայտարարություններ անող Ադրբեջանի նկատմամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Թեև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել Նովրուզի և Սուրբ Զատկի տոներին խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերը պարբերաբար շարունակվում են: Նման կոչեր նախկինում էլ եղել են միջազգային տարբեր կազմակերպությունների և նրանց ներկայացուցիչների կողմից, բայց Ադրբեջանը որևէ կերպ դրական չի արձագանքել: «Դրա մասին մենք մեր գործընկերներին բազմիցս տեղեկացրել ենք, և կոչ ենք անում նրանց առավել հետևողական և վճռական լինել այդ առումով: Եվ առաջիկայում էլ կլինեն տարատեսակ կոչեր տարբեր հեղինակավոր միջազգային կառույցների կողմից: Մենք սպասումներ չունենք, որ Ադրբեջանն ականջալուր կլինի նման կոչերին, համարժեք գործողություններ կձեռնարկի, չի խախտի հրադադարի ռեժիմը, իր ագրեսիվ ու ռազմատենչ հայտարարություններից կհրաժարվի: Մենք այդքան միամիտ չենք: Ադրբեջանական կողմը, միևնույնն է, շարունակելու է նման վարքագիծ դրսևորել: Բնական է, որ մենք նաև ստեղծված իրավիճակում առավել կշռադատված առավել հետևողական գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտություն ունենք»,- ընդգծեց Նահապետյանը:
Նրա կարծիքով` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պատճառով ստեղծված իրավիճակում Հայաստանն առավել հետևողական և վճռական գործողություններ պետք է ձեռնարկի: «Մեր քաղաքականությունն այդ մասով վերանայվում է, և ես կարծում եմ, որ մենք առաջիկայում կունենանք շատ ավելի հստակ և կոնկրետ գործողություններ՝ այդ թվում նաև ռազմական ոլորտում»,- նշեց Նահապետյանը:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը մարտի 18-ին հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով հայկական ևադրբեջանական կողմերին պահպանել հրադադարի ռեժիմն առաջիկա տոների՝ Նովրուզ Բայրամի և Զատկի ընթացքում: Դրան հաջորդեց ՀՀ ՊՆհայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը, եթե Ադրբեջանը նույնպես դրական արձագանքիԿասպշիկի կոչին: Գործող նախագահի անձնական ներկայացուցչի կոչին հաջորդեց նաև Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ-ումԳերմանիայի նախագահության հատուկ ներկայացուցիչ Գերնոտ Էրլերի կոչը` նույն ուղերձով` տոներին խստորեն հարգել հրադադարի ռեժիմը:Ադրբեջանը, սակայն, շարունակում է լարված իրավիճակի հրահրումը ԼՂ-ի հետ շփման գծում` կրակելով նռնականետերից:



