Երկրպագուները Ռոման Բերեզովսկուն օդանավակայանում կդիմավորեն
SPORTՄարտի 25-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը: Դարպասապահ Ռոման Բերեզովսկու համար այն կլինի նաեւ հրաժեշտի խաղը Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
Ինչպես մեզ հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին Երեւան է ժամանում այսօր՝ ժամը 15:15-ին, Մոսկվա-Երեւան չվերթով:
Ռոման Բերեզովսկուն «Զվարթնոց» օդանավակայանում կդիմավորի երկրպագուների մի մեծ բանակ: Մեր տեղեկություններով՝ երկրպագուներևը հետեւողականորեն են պատրաստվում թե՛ այսօր նրան դիմավորելուն, թե՛ վաղը մարզադաշտում նրան հաճելի պահեր պարգեւելու համար:
Նշենք, որ 41-ամյա դարպասապահը ազգային հավաքականում է դեռեւս 1996-ից: Մինչ այժմ ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնության չորս ( 2000, 2004, 2008, 2012) եւ աշխարհի առաջնության հինգ (1998, 2002, 2006, 2010, 2014) ընտրական փուլերին։ Անցկացրած խաղերի քանակով Հայաստանի հավաքականի դարպասապահների ռեկորդակիրն է՝ 71 խաղ։ Տարբեր տարիներին խաղացել է այնպիսի ֆուտբոլային ակումբներում, ինչպիսիք են «Տորպեդոն», «Խիմկին» եւ «Դինամոն», որտեղ մինչ օրս էլ հանդես է գալիս: Հայաստանի ազգային հավաքականը լքելու կապակցությամբ մի շարք խաղընկերներ իրենց բարեմաղթանքն են հղել Բերեզովսկուն:
Արթուր Ոսկանյան, Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ. «Ռոման Բերեզովսկու մասին միայն լավը կարող եմ ասել: Բոլորն էլ գիտեն, որ նա շատ համեստ, հանգիստ, իր գործին նվիրված մարդ է: Ռոմանը մեզնից տարիքով մեծ էր եւ նրանից շատ բան ենք սովորել պրոֆեսիոնալիզմի առումով: Իր համեստությունը, հանգստությունը թիմին էր փոխանցվում: Հաճախ ասում էին՝ ինքը քիչ է խոսում, մյուս դարպասապահների համեմատ շատ հանգիստ է, բայց, միեւնույն է, ինքն իր խաղով միշտ վստահություն էր ներշնչում պաշտպաններին: Ռոմանին հետագա հաջողություններ եմ մաղթում նաեւ մարզչական կարիերայի ընթացքում»:
Դեռեւս նախորդ տարվա իր հարցազրույցներից մեկում Բերեզովսկին նշել էր. «Ավելի լավ է լինել հեռանկարային մարզիչ, քան ծերացող մարզիկ։ Ես էլ չէի ցանկանում հրաժեշտ տալ ազգային թիմին, որը վաղուց հարազատ է դարձել։ Ես հավաքականում հանդես էի գալիս 19 տարի, միշտ զգացել եմ երկրպագուների, մարզիչների եւ թիմակիցների ջերմ վերաբերմունքը։ Վստահ եմ, որ կշարունակենք համագործակցությունը»:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան